Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես դրան ձեզ համար աշակերտ եմ բերել,— պատասխանեց Ասլանը ծիծաղելով.—կմնա ձեզ մոտ, կխնամի ձեր հիվանդությունը, կծառայե ձեզ և ձեզանից բան կսովորե։

Նա նույնպես ծիծաղեց։

— Ըստ վանական հին սովորության,— ասաց նա,— ինչպես մեր հայր սուրբերը սպասավոր-աշակերտներ էին պահում։ Մի գիժը ունեմ արդեն։ Բայց ես կարոտ եմ ընկերի, մի լավ ընկերի. միայնակությունը սպանում է ինձ, այստեղ մարդ անգամ չեմ գտնում, որի հետ կարելի լիներ խոսել, ինձ «համր» էին կոչում։ Բայց իմ լեզուն այժմ բացվել է. ուզում եմ խոսել, շատ խոսել, գուցե այն պատճառով, որ շուտով կդադարեմ խոսելուց...

— Եվ ձեր աշակերտը կօգտվի ձեր շատ խոսելուց, — նկատեց Ասլանը հանաքի ձևով։

Նա ոչինչ չպատասխանեց, խնդրեց տեղ տալ իրեն` պառկելու մահճակալի վրա։ Մենք վեր կացանք: Ասլանը առաջվա կարգով ուղղեց նրա անկողինը և կամենում էր, նրա ձեռքից բռնելով, պառկեցնել մահճակալի վրա։ Բայց նա մերժեց, ասելով.

— Դեռ ուժ կա, դեռ այնքան չեմ թուլացել...

Նա թիկն տվեց բարձերին, երեսը դեպի մեզ, հարցնելով ինձանից.

— Ի՞նչպես է քո անունը։

— Ֆարհատ,— պատասխանեցի ես կարմրելով։

— Դե, Ֆարհատ, այժմյանից սկսիր քո ծառայությունը, գնա՛ այդ խուցին կից սենյակը, այնտեղ իմ սպասավորին քնած կգտնես, կողքը պինդ բզիր, նա վեր կկենա, ասա, որ մեզ համար մի լավ սուրճ պատրաստե։ Սուրճը ինքդ բեր և շնորհքդ ցույց տո՛ւր մեզ:

Ես հասկացա, որ սուրճը մի առիթ էր հեռացնելու ինձ, իսկույն դուրս եկա, մտա սպասավորի սենյակը։

Սպասավորի սենյակը համեմատաբար ավելի զարդարված էր, քան թե իր տիրոջ խուցը։ Ես նրան գտա նույն դրության մեջ, որպես ասաց Համրը։ Քնած էր փայտյա մահճակալի վրա և ամբողջ սենյակը դղրդում էր նրա ծանր շնչառությունից։ Դա արյունով լի մի առողջ պատանի էր, համարյա իմ հասակակից։ Կողքը խթելով զարթեցնել չկարողացա նրան, ստիպված եղա բռնել երկու ձեռքից և մի քանի անգամ սաստիկ ցնցել։ Քնաթաթախ, շփոթված, վեր թռավ նա, և, տեսնելով իր սենյակում մի անծանոթ մարդ, կարծեց, թե նրան սպանելու կամ կողոպտելու համար եմ եկել։ Նա իսկույն խլեց իր միակ զենքը` ծանր մահակը, որ դրած էր կշտին: