Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Այդ գարշելի արարածի մեջ ի՞նչ են գտել, որ պաշտպանում են նրան։

— Հենց այն, որ նա գարշելի է։ Չեք կարող երևակայել մի մարդ, որ դրա չափ բարոյապես փչացած և կեղտոտ լիներ։ Կատարյալ եղեռնագործ է այդ անպիտանը։ Նրան խեղդել պետք է, և ավելի ոչինչ։ Գիտե՞ք, շատ երեկոներ նա ընտրում է իր աշակերտներից մի քանիսը և տանում է փաշայի մոտ. այնտեղ մնում են ամբողջ գիշերը, երգում են, պար են գալիս և զվարճացնում են փաշային...

— Լա՜վ բարոյականություն կսովորեն...— ասաց Ասլանը խորին զզվանքով։

— Փաշան առաջ չգիտեր, թե հայոց մանուկները քաղցր ձայն ունեն և լավ տաղեր երգել գիտեն. մի գիշեր նա հյուր է լինում նորին սրբազնության մոտ, տեսնում է այնտեղ մի խումբ մանկահասակ երգիչներ. շատ հաճելի են թվում նրան երգիչները, և երբ նորին սրբազնությունը նկատում է այդ, պատվիրում է Սիմոն պատվելիին, որ ամեն անգամ, երբ փաշան պահանջելու լինի, նա իր աշակերտներից ամենալավ երգիչները տանե նրա մոտ։

— Բայց ի՞նչպես են համբերում ծնողները։

— Ծնողները ավելի անպիտան են. նրանք մի առանձին պատիվ են համարում, որ իրանց զավակները զարդարում են փաշայի խնջույքները։ Արդեն ճաշին մոտ էր, երբ մենք վերադարձանք վարպետ Փանոսի տունը։ Ասլանը իսկույն առանձնացավ իր սենյակում։ Վարպետ Փանոսը մտավ իր գործարանը։ Իսկ ես գնացի այգին միրգ ուտելու։

Դ

ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՓԱՇԱՆ

Մի առավոտ Ասլանը ասաց ինձ, թե ինքը ժամադիր է եղած գնալ քաղաքը, փաշային ներկայանալու, և ցանկանում է ինձ էլ իր հետը տանել։ Ես շատ ուրախացա, որովհետև մինչև այն օրը ոչ մի բարձր պաշտոնակալ չէի տեսած։ Փաշան կենում էր քաղաքում, այսինքն բերդի մեջ։ Այգեստանից մինչև այնտեղ թեև շատ հեռու չէր, այսուամենայնիվ,