Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Արդյոք կտպվի՞ն...— հարցրեց տիկինը:

— Կտպվին...

Երիտասարդ Ռաշիդը պատմեց, թե վերջին գիշերը, երբ պիտի մեռներ «լուսահոգին», նա հրամայեց վառարանը վառել: «Պետք է մաքրել այդ թղթերը»... ասաց նա:— Ես դրեցի արկղը նրա մոտ, նա ջոկում էր թղթերը և շատերը նետում էր կրակի մեջ: Բայց դեռ այդ գործը չվերջացրած, նա մեռավ։ Վերջին գիրքը դեռ բոլորովին չեր այրված, ես դուրս բերեցի կրակից, դրեցի մյուսների հետ և արկղը կողպեցի։ Դրանով իմ հոգուն մեղք արեցի, նա կամենում էր այրել, ես չթողեցի: Ո՞վ է իմանում, կարելի է մի բանի պետք կգա: Լուսահոգին վատ բան չէր գրի: Ա՜խ, ո՜րքան գրում էր... կարծես իմանում էր, որ շատ չի ապրի...

Պարոնը վեր առեց կեսը-այրված գիրքը, թերթեց և դառնալով ծառային, ասաց։

— Այո՛, շատ բանի պետք կգար, եթե կրակը մեծ մասը ոչնչացրած չլիներ։

Դա հայոց եկեղեցական պատմությունն էր, որ վաղուց դիտավորություն ուներ գրելու հանգուցյայը։

Պարոնը գրասեղանի վրա մնացած թղթերն ևս հավաքեց դրեց արկղի մեջ, կողպեց։ Իսկ հանգուցյալի թաշկինակը արյան վերջին բծով թաքցրեց իր ծոցում...

Հետո դարձավ նա դեպի ծառան։

— Դու, բարի Ռաշիդ, քո հավատարմության համար չվարձատրվեցար քո պարոնից, բայց կվարձատրվես ինձանից։ Դու պահպանացիր մի գանձ, որ մեր ազգի համար շատ թանկագին պետք է լինի։ Այդ գանձը այդ արկղի մեջն է ամփոփված։ Վեր առ այդ արկղը, գնանք ինձ հետ։

Հետո դարձավ դեպի վանքի աբեղան։

— Շատ շնորհակալ եմ ձեզանից, հայր սուրբ, որ դուք այնքան բարի եք եղել, որ թույլ եք տվել ձեր վանքում այդ իրեղենները պահպանվին։ Որպես տեսանք, ես վեր առի հանգուցյալի թղթերը միայն, իսկ նրա մնացյալ կայքը թողնում եմ ձեր վանքին:

Հայր սուրբի դեմքը փայլեց ուրախությունից։

Պարոնը մեկնեց նրան մի ծրար, ասելով.

— Խնդրեմ, ընդունեք այդ ծրարը. դրա մի մասը կպահեք ձեզ համար, իսկ մնացածից, որքան կծախսվի, մի տապանաքար շինել տվեցեք և գրեցեք հանգուցյալի գերեզմանի վրա։

Աբեղան շնորհակալությամբ ընդունեց ոսկիները, հարցնելով.