Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա նշանակությունը հայ ժողովրդի ճակատագրի համար: Րաֆֆին որպես ժամանակի առաջավոր գաղափարախոս, հայ տաղանդավոր վիպասան և հրապարակախոս, թե՛ իր գրական երկերում և թե՛ հրապարակախոսական աշխատություններում անողոք քննադատության էր ենթարկում Թուրքիայում տիրող դաժան ռեժիմը և անխնա կերպով մերկացնում էր թուրք կառավարության վայրագ և բարբարոսական քաղաքականությունը հայերի նկատմամբ:

Չնայած այն հանգամանքին, որ «Կայծեր»-ի մեջ գլխավորը արևմտահայությանը թուրքական բռնապետությունից ազատագրելու խնդիրն է, սակայն Րաֆֆին, քննելով այդ խնդիրը, կատարել է խոշոր ընդհանրացումներ:

«Ազատությունը մարդու հասարակական կյանքի մթնոլորտն է»,— գրել է Րաֆֆին. հետևաբար մարդը և մարդկությունը չեն կարող ապրել և բարգավաճել առանց ազատության: Ավելին, ազատության և անձնապաշտպանության բնազդն ու ձգտումը, ըստ Րաֆֆու, հատուկ է նույնիսկ կենդանական և բուսական աշխարհին:

Րաֆֆին իր «Մարդը գոյության կռվի մեջ» հոդվածում խոսելով Դարվինի և նրա գոյության կռվի թեորիայի մասին, հանդես է բերում մատերիալիստական մտածողության տարրեր: Րաֆֆին այն տեսակետին էր, որ հայ ժողովուրդը երկար հանդուրժել չի կարող սուլթանական բռնակալությունը։ «Թե բնության մեջ և թե մարդկային կյանքում ոչինչ բան առանց պատճառի չէ կատարվում: Մենք տեսնում ենք, ամեն մի ճնշված և սահմանափակված զորություն, որքան ավելի սեղմվում է, այնքան ավելի զարգանում է նրա մեջ ընդդիմահարության ուժը։ Այնուհետև նա պիտի պայթի, նա պիտի խորտակի իրան սահմանափակող պատվարը և իր բնական ազատ ծավալականությանը պիտի հետևի: Ժողովուրդը, ամբոխը, նույնպես մի զորություն է: Նա երկար չէ կարող համբերել իրան ճնշող և ստրկացնող կոպիտ ձեռքին: Նա վերջապես պիտի խլրտի, պիտի խորտակե իր շղթաները և պիտի թոթափե բռնակալի լուծը: Րոպեն հասել է... այս դրության մեջն է այժմ մեր ժողովուրդը»:

Րաֆֆին «Կայծեր»-ում բացահայտում է այն ճշմարտությունը, որ արևմտահայության քաղաքական ճնշվածությունը և տնտեսական թշվառությունը ծայրակետի են հասել: Նա երևան հանելով արևմտահայության և պարսկահայության քաղաքական ստրկության և դառն աղքատության տխուր պատկերը, խստորեն դատափետում է թուրքական դաժան կառավարությանը և ֆեոդալական կարգերը, Րաֆֆին ցույց է տալիս, որ և՛ արևմտյան Հայաստանում, և՛ Պարսկաստանում օրեցօր ծավալվում ու խորանում են աղքատությունը և քաղաքական ճնշումը: Գրողը առանձնահատուկ ուշադրություն է նվիրում գյուղացիության հողազրկության փաստին և հատկապես ընդգծում է այն հանգամանքը, որ հայ աշխատավոր գյուղացիությունը ստիպված է աշխատել օտարի հողի վրա:

Ֆեոդալիզմի քննադատությունը, գյուղացիության, հողի, աշխատանքի հարցերը հատուկ տեղ են գրավում «Կայծեր»-ում, Րաֆֆին փառաբանում է մշակի հողի վրա կատարած աշխատանքը, սակայն խոր կսկիծ է հայտնում այն բանի համար, որ նրանից հափշտակում են նրա արդար աշխատանքի արդյունքը: Փաստական հարուստ նյութի հիման վրա Րաֆֆին ցույց է տալիս գյուղացիության քայքայումը և պանդխտության ծանր ներգործությունը հայ կյանքի վրա: Նա ցույց է տալիս, թե ինչպես «Մեր ժողովուրդը, հայրենի հողի վրա սնունդ չգտնելավ, գաղթում է, անդադար գաղթում և օտար երկրներում բախտ է որոնում: