Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և այդ նպատակով դպրոցների թիվը մեր երկրում օրըստօրե բազմանում է։ Մենք մինչև անգամ հոգ ենք տանում և հայոց դպրոցների հառաջադիմության մասին։ Այգեստանում կա մի նշանավոր դպրոց, որը գտնվում է իմ առանձին խնամակալության ներքո։ Ես իմ սեփական միջոցներից այդ դպրոցի վարժապետին թոշակ եմ տալիս։

— Վարժապետը ի՞նչպես մարդ է, ընդունա՞կ է իր պաշտոնին, — հարցրեց Ասլանը։

— Ամենապատվական մարդ է, մեր քաղաքի հայ գիտնականների մեջ նրան կարելի է առաջինը համարել։

Փաշայի խոսքը Սիմոն պատվելիի և նրա դպրոցի մասին էր։ Ասլանը այնպես ձևացրեց իրան, որ ամենևին տեղեկություն չունի այդ դպրոցի մասին։

Խոսակցությունը դարձյալ ընդհատվեցավ, երբ մանկլավիկների մի խումբ, գեղեցիկ արծաթյա մատուցարանների վրա դրած, ներս բերեցին զանազան տեսակ անուշահոտ շերբեթներ և զանազան տեսակ քաղցրավենիք ու խմորեղեններ, պատրաստված նուշով և հոտավետ համեմներով։ Փաշան իր ձեռքով ընտրում էր անուշ պատառները և առաջարկում էր Ասլանին։

— Փորձեցեք այդ «փախլավայից»,— ասում էր նա,— հայոց առաջնորդը սաստիկ սիրում է այդ «փախլավան»։ Երբ որ նա ինձ մոտ է գալիս, եթե «փախլավա» չլինի, անպատճառ դժգոհ կմնա։

— Իրավունք ունի հայոց առաջնորդը,— պատասխանեց Ասլոնը,— բավական լավ է պատրաստած։

— Դուք ծանո՛թ եք նրա հետ։

— Ոչ, ես դեռ չեմ տեսնվել նրա հետ։

— Անպատճառ պետք է տեսնվել, ես ձեզ խորհուրդ կտայի տեսնվել նրա հետ, դուք շատ գոհ կմնայիք, նա պատվական մարդ է. ամենապատվական մարդ է։ Գալ Վան և հայոց առաջնորդին չտեսնել, դա միևնույն կլիներ, որպես գնալ Հռոմ և պապին չտեսնել։

— Ես օգուտ կքաղեմ ձեր խորհրդից,— ասաց Ասլանը,— առանց հայոց առաջնորդի հետ տեսնվելու, չեմ հեռանա այդ քաղաքից։

Փաշայի և հայոց առաջնորդի բարեկամական հարաբերությունները մեզ հայտնի էին. այստեղից բացահայտ էր, թե նա ինչու հորդորում էր Ասլանին՝ անպատճառ տեսնվել «ամենապատվական մարդու» հետ։ Տարակույս չկա, որ փաշան հավատացած