Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սիրահար ձևանալ — տաճիկ պաշտոնակալների, խոսակցության սովորական ձևն է — ցույց տալ, թև իրանք շատ բարի ցանկություններ ունեն ժողովրդի բարօրության համար, բայց ի՞նչ, արած, որ այս և այն անհաջող հանգամանքներն արգելք են լինում։

Իր բոլոր դիվանագիտական ճարտարությունը գործ դնելուց հետո, փաշան կիսապաշտոնական խոսակցություններից անցավ հասարակ խոսակցության: Այժմ խոսում էր, ինչ որ սովորաբար խոսում են բժշկի հետ. գանգատվում էր, թե ստամոքսի թուլոտթյուն ունի, ախորժակը ավերված է, ոչինչ ուտել չէ կարողանում. գանգատվում էր անքնությունից, հոդացավից. գանգատվում էր մի ինչ-որ երևակայական հիվանդության մասին, որը ոչինչ կերպով բացատրել չէր կարողանում կամ ամաչում էր, որ պարզն ասեր։

Վերջապես նա ասաց․

— Ես մանկանալ եմ ցանկանում... մանկացրեք ինձ, պարոն բժշկապետ։ Ասում են, եվրոպացի բժիշկները գիտեն մի դեղ, որ մանկացնում է մարդուն...

— Ի՞նչպես է մանկացնում,— հարցրեց Ասլանը ժպտելով։

— Ճերմակ մազերը սևանում են, զառամյալ ծերունին դառնում է առույգ, տասնևյոթը տարեկան պատանի...

— Ճերմակ մազերը սևացնելու համար ներկ կա, բայց ծերունին պատանի դարձնելու դեղը դեռ չէ գտնված Եվրոպայում։

— Մի այնպիսի դեղ չկա՞, որ փոքր-ինչ ուժ տար... զորություն տար...

Այդ հարցերի ժամանակ փաշան ներկայանում էր, որպես իսկական տաճիկ։ Նա, որ իրան զարգացած, կրթված մարդ էր ձևացնում, զանազան տնտեսական, հասարակական խնդիրներ էր վճռում հանկարծ սնահավատությամբ պահանջում էր այն էլեքսիրը, որով արևելյան դերվիշները հրապուրում են իրանց երկրի պետերին։ Բայց Ասլանը քաղաքավարությամբ նրա պահանջը զանցառության տվեց, հարցնելով.

— Ինձ ասացին, որ ձեր որդին առողջ չէ, խնդրեմ հրամայեցեք, որ ինձ տանեն հիվանդի մոտը։

— Ոչ, Դուք նեղություն մի կրեք. նա այնքան տկար չէ որ ինքը չկարողանա գալ,— ասաց փաշան, երևի չկամենալով, որ բժիշկը կանանոցը մտներ, ուր այդ ժամանակ գտնվում էր հիվանդը։