Քանի րոպեից հետո, մի ներքինի ձեռքիցը բռնած, ներս բերեց մի տասն տարեկան բավական տկար, բայց շատ սիրուն տղա, որը ոտքից գլուխ հագած ուներ մուգ-վարդագույն օսմանյան զգեստ գեղեցիկ նկարներով նախշած և ոսկի թելերով ասեղնագործած: Երեխան պարբերական ջերմ ու տենդ ուներ: Ասլանը քննեց նրան, մի քանի առողջապահական պատվերներ տվեց և խոստացավ դեղեր ուղարկել։
Այդ ամբողջ խոսակցության ժամանակ, որ տևեց բավական երկար, Ասլանը երևաց ինձ իր աշխարհագիտական խորին տաղանդով։ Նա փաշային ավելի խոսել էր տալիս, քան թե ինքը խոսում էր։ Իր վարվողության մեջ մինչև այն աստիճան հրապուրիչ էր, որ ինձ թվում էր, թե փաշան բոլորովին սիրահարվեցավ նրա վրա։ Եվ իրավ, նա հայտնեց, թե իրան շատ բախտավոր կհամարեր, եթե բժշկապետին միշտ իր մոտ տեսներ, թե իր տան մեջ նա ամեն հարմարություններ կգտներ, եթե բարեհաճեր, քանի որ այդ քաղաքումն էր, իր մոտ բնակվել։ Ասլանը շնորհակալությամբ հրաժարվեցավ, հայտնելով, թե դժբախտաբար չէ կարող վայելել նորին վսեմության շնորհը, որ իր համար միշտ անմոռանալի կմնա, ըստ որում մի քանի օր միայն դիտավորություն ունի մնալ այդ քաղաքում, և խոստացավ մինչև իր դուրս գալը քաղաքից, միշտ այցելել փաշայի մոտ, և թե նրա որդուն, թե իրա տկարություններին դարման անել։
— Ինչո՞ւ եք այդքան շտապում, պարոն բժշկապետ,— հարցրեց փաշան։
— Ինձ հարկավոր է մի երկու ամսից հետո անպատճառ Հնդկաստանում լինել։ Ժամանակ կորցնել չեմ կարող։ Ես այս քաղաքով անցա միայն այն նպատակով, որ տեսնեմ մի քանի հնություններ։ Այստեղից ուղղակի Մուսուլ գնալու դիտավորություն ունեմ, ինձ այնտեղ հետաքրքրում են հին Նինվեի ավերակները։ Այնտեղից Բաղդադ պետք է անցնեմ, Բաբելոնը տեսնելու համար։ Հետո նավով կուղևորվեմ դեպի Հնդկաստան։
— Մեր քաղաքում բավական հնություններ կան, որոնք դեռ հետազոտված չեն,— ասաց փաշան։
— Շատ լավ լք մտածել, որ ձեր ճանապարհորդության մեջ մեր քաղաքը զանցառության չեք տվել:
— Ինձ ավելի հետաքրքրում են սեպաձև արձանագրությունները, որոնցով, կարծեմ, շատ հարուստ է Վանը։
— Այո՛, այո՛, հարուստ է։ Ես կտամ ձեզ մի առաջնորդ, որը