մարդու խելքին փչում է՝ արևելքում ճանապարհորդություններ անել։ Նրա եվրոպացի լինելը բավական է, որ նրան ամեն տեղ լավ ընդունեին, որովհետև նա այս ու այն մեծ պետության քաղաքացին է։ Այսուամենայնիվ, նա զինված է լինում զանազան հանձնարարական թղթերով, որ ստանում է իր դեսպանի կամ հյուպատոսների շնորհիվ։ Եթե նրա հետ վատ կվարվեն, նրա պետության դեսպանը կամ հյուպատոսները սաստիկ պահանջել գիտեն։ Իր երկրում մի այսպիսի անձին գուցե ժամերով սպասել կտային մի որևիցե իշխանի կամ հասարակ ազնվականի նախասենյակում։ Բայց Ասիայում ամենանշանավոր անձանց դռները բաց են նրա համար, որովհետև եվրոպացի է և ճանապարհորդ, կարող է վատ խոսել, կարող է վատ գրել նրանց մասին։ Ամեն տեղ սիրալիր ընդունելություն, պատրաստականություն և հարմարություններ է գտնում։ Նա կարծում է, որ այդ մարդիկը բնականապես բարի են, ազնիվ են, մեծահոգի են, բայց չգիտե, որ նրանք նույնիսկ դժբախտ Շուլցի գլուխը կտրողներն են, միայն այժմյան հանգամանքները ստիպել են նրանց այլապես վարվել։ Իր տեղեկությունները երկրի տնտեսական և հասարակական դրության մասին՝ քաղում է նա իր հյուրընկալի պատմությունից։ Նրա սեղանի մոտ նստած ժամանակ, նրա բարերար ազդեցության ներքո, գրում է նա իր հիշատակարանը։ Իսկ այն սեղանը, որ իր կյանքում նա երբեք չէ տեսել, այնքան ճոխ է, այնքան հրապուրիչ է, որ բոլորովին շլացնում է, խելքից հանում է նրան։ Նա իր հյուրընկալից ստացած սուտ ու սխալ տեղեկությունները նույն ախորժակով է զետեղում իր ճանապարհորդական հիշատակարանի մեջ, ինչ ախորժակով որ խմում է նրա անուշահոտ շերբեթները կամ ինչ ագահությամբ որ զետեղում է իր փորում նրա լավ պատրաստած «փախլավան»։ Իսկ այդ սուտ ու սխալ տեղեկությունները, որոնք, իհարկե, ի նպաստ մահմեդականների են լինում, եթե մի օր տպագրությամբ լույս են տեսնում, սաստիկ ազդում են եվրոպացիների հասարակական կարծիքի վրա։ Եվ այդպես, Եվրոպացի ճանապարհորդը, միայն արտաքին հրապուրիչ կեղևից դատելով, առանց միջուկը քննելու, ինքը սխալ գաղափարներ է կազմում և մոլորեցնում է իր հայրենակիցներին։ Դիցուք թե ճանապարհորդը շրջանկատ, խորազնին, անաչառ և բարեխիղճ մեկը լիներ, բայց ի՞նչ կարող է նկատել նա իր շուտափույթ, անցողական ճանապարհորդության մեջ, միայն թեթև հայացքներ ձգելով, մանավանդ, երբ նրա առաջնորդները այդպիսի փաշաներ կամ դրանց նմանները կլինեն։ Մի ժողովրդի
Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/60
Արտաքին տեսք