երիտասարդը նույնպես ժպտելով,— բայց ես կասեմ ձեզ, որ այդ անցքը դեպի բյուրեղյա ապարանքը չէ տանում, որովհետև դեպի ծովը չէ գնում։ Մարջանի ծառերը ծովի հատակի վրա են բուսնում և բյուրեղյա ապարանքն էլ ջրերի խորքումն է լինում: Իսկ այդ անցքը, քարափը կտրելով, իջնում է դեպի ցած, հետո գետնի տակով գնում է դեպի այն ձորը, որի մի մասը երևում է բլուրների հետևից։— Նա ձեռքը մեկնեց դեպի այն կողմը։
— Ներեցեք, խնդրեմ, իմ նկատողությունը դուք, իհարկե, կատակի տեղ կընդունեք: Իսկ ձեր այժմյան պատմածը դարձյալ շատ հետաքրքիր է։ Ես շատ բերդեր եմ տեսել, բայց մի այսպիսի անցք առաջին անգամն եմ տեսնում իմ կյանքում, երևի դրա ծայրը, այսինքն այն տեղը, որ դուրս է գալիս ձորի մեջ, անպատճառ ծածկված կլինի։
— Անտարակույս, մանավանդ մի դեպքից հետո, որ պատահեց մի տարի առաջ. պահապան զինվորներից մեկը սովորություն էր ունեցել վառոդ գողանալ և այդ անցքով դուրս տանել, վաճառել հայ խանութպաններին: Զինվորին և խանութպաններին սաստիկ պատմեցին, և անցքի մուտքը այն ժամանակից գոցվեցավ:
— Ո՜րքան զարգացած է եղել հին ժամանակներում արհեստը այդ երկրում,— ասաց Ասլանը, արտահայտելով իր խորին հիացմունքը։— Այդ անցքերը հազարավոր տարիներ գոյություն ունեն, բայց այնքան ճարտարությամբ շինված են, որ մինչև այսօր չեն խանգարվել, պահպանում են իրանց նշանակությունը։
— Դուք ավելի կզարմանաք, պարոն բժշկապետ, երբ կտեսնեք Թոփրակ-Կալեի և Չարխի-Ֆալակի գաղտնի անցքերը,— պատասխանեց առաջնորդը մի առանձին պարծենկոտությամբ, երբ լսեց Ասլանի գովասանքները (կարծես այդ հրաշալիքները նրա պապերն էին ստեղծագործել)։— Երբ այստեղ կվերջացնենք, ես կտանեմ ձեզ դեպի հիշյալ հնությունները, որոնք բավական հեռավորության վրա են գտնվում այստեղից։ Դուք կտեսնեք այնտեղ ավելի զարմանալի ստորերկրյա անցքեր, որոնք այնքան երկար են տարածվում գետնի տակով, որ շատերը հաղորդակցություն ունեն հենց այդ բերդի հետ։
Ասլանը շնորհակալություն հայտնեց առաջնորդին և, հանելով ծոցից իր ոսկյա ժամացույցը, առաջարկեց նրան՝ ասելով.
— Դուք այնքան բարի եք, որ ես կցանկանայի թողնել ձեզ մոտ այդ փոքրիկ հիշատակը։
Երիտասարդը հրաժարվեցավ կամ ձևացրեց թե հրաժարվում է, պատասխանելով.