Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, ես երբեք չէի կամենա զրկել մի ճանապարհորդի իր ժամացույցից, որը նրան շատ հարկավոր կլինի։

— Այդ իրավ է, բայց համաձայնվեցեք, որ ճանապարհորդի ոսկյա ժամացույցը շատ հրապուրիչ բան է գողերի համար, ես կցանկանայի ազատվել դրանից։ Ընդունեցե՛ք, խնդրեմ, ես ունեմ և մի արծաթյա ժամացույց, այն էլ բավական կլինի ինձ համար:

Առաջնորդը շնորհակալությամբ ընդունեց։ Նրան անսովոր չէր՝ իր մատուցած ծառայությունների համար այս տեսակ «փեշքեշներ» ընդունել: Եթե չտայինք, նա մինչև անգամ պահանջելու անամոթություն կունենար: Մանավանդ փաշայի պատվի համար, որ մեզ հետ դրել էր իր ամենամոտ մարդիկներից մեկին, պետք էր նրան որևէ ընծա տալ: Բայց այդ տեսակ ընծաները տալիս են այն ժամանակ, երբ ծառայությունները վերջացրած են լինում։ Չգիտեմ ինչո՞ւ շտապեց Ասլանը։ Երևի նրա համար, որ թուրք պաշտոնատարը չմտածեց, թե իր ընծան աննշան բան կլինի, այլ սկզբից ստանալով, ավելի եռանդով կկատարեր իր հանձն առած ծառայությունը։ Երիտասարդը հենց նույն րոպեում սկսեց տեղավորել իր բաճկոնի վրա ստացած ընծան. շղթան երբեմն դեպի կուրծքի աջ կողմն էր տանում, երբեմն դեպի ձախ կողմն էր տանում, և մեծ մտածության մեջ էր, թե ո՞ր կողմում ավելի գեղեցիկ կերևա։ Նա դիմեց իմ խորհրդին, ես հայտնեցի իմ կարծիքը։

Ասլանը այդ միջոցին բարձրացել էր աշտարակներից մեկի գագաթի վրա և այն ահեղ բարձրությունից երկար լուռ և տխուր կերպով նայում էր դեպի իր շրջակայքը։ Նրա դեմքը նույն րոպեում գունաթափ էր աչքերի մեջ վառվում էր խորին տենդային կրակ, շրթունքները դողդողում էին, երևի սիրտը սոսկալի խռովության մեջ էր։ Ես բոլորովին ապշած կերպով նայում էի նրա վրա...

Մենք ցած իջանք բերդից միևնույն քարե սանդուղքներով, որոնց մասին Ասլանը ասում էր, թե մի ժամանակ Գագիկ Արծրունին է տաշել տվել, բայց այժմ համարյա թե իսպառ մաշված էին։ Բերդի ստորոտում, մեր ձիաները բռնած սպասում էին մեր երկու ղավազները։ Մենք հեծանք, սկսեցինք դիմել դեպի Թոփրակ-Կալե և մյուս հնությունները։

Դուրս գալով քաղաքից, երբ փոքր-ինչ հեռացանք, մեր շրջակայքում բացվեցան հիանալի տեսարաններ. մի կողմում երևում էր կանաչազարդ Այգեստանը, երևում էին և Վարագա կանաչազարդ լեռները, որոնց կուրծքի վրա, խորին ջերմեռանդությամբ