Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մենք պատրաստվեցանք գնալ հայոց առաջնորդի մոտ։

— Սրբազանի մոտ դատարկաձեռն չի կարելի գնալ,— ասաց Ասլանը իր արկղներից մեկը բաց անելով,— նրան պետք է մի որևիցե ընծա տանել։

Նա դուրս բերեց քթախոտի մի գեղեցիկ տուփ, ասելով.

— Արևելքում պաշտոնական անձինք ընծաներ շատ են սիրում...

— Բшյց դու փաշային առանց ընծայի ներկայացար։

— Դրա փոխարեն ես բժշկում եմ նրա որդուն։

Մենք նստեցինք վարպետ Փանոսի ձիերի վրա և սկսեցինք դիմել դեպի քաղաքը։ Այսօր մեզ հետ ղավազներ չկային, ես և Ասլանը միայնակ էինք։ Ճանապարհին նա կրկին զգուշացրեց ինձ, որ չմոռանամ իմ դերը...

Հայոց առաջնորդարանը կից էր Սուրբ Նշան եկեղեցուն։

Հոգևոր առաջնորդի բնակարանը․ թեև փաշայի ապարանքի շքեղությունը չուներ, բայց իր բնավորության կողմից շատ նման էր նրան: Զանազանությունը նրանումն էր միայն, որ այստեղ չկային ներքինիներ, սևամորթ ստրուկներ, չկար և հարեմ: Բայց այստեղ ևս կար բանտ, այստեղ ևս մարդիկ տուգանքի էին ենթարկվում, այստեղ ևս կաշառակերությունը խեղդում էր, սպանում էր ամեն արդարություն։

Երևում էր, որ նորին սրբազնությունը գիտեր պահպանել իր դիրքի բարձր նշանակությունը։ Մի խումբ ծառաներ դուրս թափվեցան, մեր ձիաները բռնեցին, մեզ տարան առանձին ընդունարանում, բայց տասն րոպեից ավել սպասել տվին, մինչև պատիվ ունեցանք ներկայանալու։

Ասլանը մոտեցավ համբուրելու սրբազանի աջը, բայց նա թույլ չտվեց, միայն սիրալիր կերպով սեղմեց իր այցելվի ձեռքը, հետո շատ քաղցրությամբ տեղ ցույց ավեց իր աջ կողմում, բոլորովին իր մոտ։

Ասլանը նստեց, իսկ ես նրա աջը համբուրելուց և օրհնությունը առնելուց հետո, կանգնած մնացի ոտքի վրա։

Սենյակի հատակը ամբողջապես ծածկված էր գեղեցիկ գորգերով։ Եվրոպական կարասիք, որպես ամեն տեղ այդ քաղաքում․