Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

– Ուրեմն ժողովուրդը պետք է շատ գոհ լինի մի այդպիսի լավ կառավարչից:

– Ժողովուրդը չափազանց գոհ է, մանավանդ քրիստոնյաները: Բայց...

Վերջին բառը արտասանելու միջոցին սրբազանի աչքը ընկավ իմ երեսին, և նա ընդհատեց իր խոսքը: Ասլանը, այդ նկատելով, ինձ նշան արեց, որ հեռանամ: Ես դուրս եկա նախասենյակը և նստեցի դռան մոտ: Նրանց խոսակցությունը պարզ լսելի էր և այնտեղ:

– Դուք մի բան էիք ուզում ասել, սրբազան:

– Այո, այն էի ուզում ասել, որ ժողովուրդը չափազանց գոհ է, մանավանդ քրիստոնյաները: Բայց մեր մեջ այժմ դուրս են եկել մի տեսակ խենթ ու խելառ նորելուկներ, որոնք, ամենահիմար ցնորքներով ոգևորված, ազատության հրապույրներով հուզմունքներ են հարուցանում ժողովրդի մեջ և միամիտներին մոլորեցնում են: Եվ այդ` երիտասարդություն կոչված, ցնորամիտ փոքրամասնությունն է, որ դժգոհ է տիրող կառավարությունից: Ցավալին այն է, որ նրանց դժգոհությունը արտահայտվում է այնպիսի ապօրինի և հանցավոր եղանակներով, որ, ոչինչ լավ արդյունք չունենալուց հետո, մեծամեծ վնասների և կորուստների պատճառ է դառնում:

– Ո՛րպիսի վնասներ, – հարցրեց Ասլանը:

– Այդքանն էլ մեծ վնաս և մեծ կորուստ պետք է համարել, պարոն բժշկապետ, որ մենք կորցնում ենք մեր բարեխնամ կառավարության աչքում մեր հավատարմությունը, որ ստացել ենք կարևոր, անձնանվեր ծառայությամբ: Մեր ժողովուրդը մի քանի խելագարների պատճառով կասկածավոր է դառնում կառավարության աչքում:

– Մի՞թե կա հայերի մեջ այդ տեսակ երիտասարդություն, – հարցրեց Ասլանը զարմացած կերպով:

– Դժբախտաբար կա, բայց դեռ նոր է ծնվում, դեռ նոր է կազմակերպվում: Բայց թե՛ ես, որ իմ սուրբ պարտավորությունն եմ համարում, և թե՛ փաշան, որ նույնքան նախանձախնդիր է այդ գործում, ամեն ջանք պետք է գործ դնենք, որպեսզի այդ չարիքը քանդենք հենց իր ծնունդի մեջ:

Ասլանը ոչինչ չպատասխանեց և ինձ ներս կանչեց:

– Ասացեք խնդրեմ, սրբազան հայր, – խոսքը փոխեց նա, – ձեր վանքերում չե՞ն գտնվում հին բժշկարաններ, դա ինձ համար,