Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեպի փոքրիկ խրճիթը, այնտեղից ուրագի ձայն էր լսվում։ Այնտեղ գործում էր ալևոր արհեստավորը, բայց նա տան տերը չէր, նա մի տարական էր, որին ժամանակավոր բնակարան էին տվել աշխատելու։

Տան տերը չէր երևում. չէր երևում և ոչ ոք տանեցիներից, միայն մի քանի սագեր, որ դեռ նոր էին վերադարձել ծովեզրից, որոնում էին մի հովանավոր տեղ, արևի կիզող ճառագայթներից պատսպարվելու համար։ Նրանցից մեկը դիմեց դեպի ուռիների տարածած ստվերը, և կչկչալով, համեցեք անելով, իր ընկերներին ու ընկերուհիներին հրավիրեց այնտեղ։ Ամբողջ երամը հանգստացավ սառն ստվերի ներքո, ուր արևի կրակից և ոչ մի նշույլ չէր թափանցում։ Մենք դեռ բակումը ման էինք գալիս, սպասում էինք տան տիրոջը։

Վերջապես հայտնվեցավ նա։ Դա մի հաստաբազուկ, թիկնավետ, բարձրահասակ տղամարդ էր, արևակեզ դեմքով, որի սուր, թափանցող հայացքը կարծես նետի նման մեխվում էր մարդու սրտի մեջ։ Գլխին դրած ուներ կապույտ և կարմիր թելերով նախշած արախչին, հագել էր միայն հաստ, սպիտակ կտավից շապիկ, որի նույնպես կապույտ և կարմիր թելերով ասեղնագործած օձիքից երևում էր թավամազ, հզոր կուրծքը։ Օրվա ջերմությունը ստիպել էր նրան փոքր-ինչ զովութուն տալ իր թոքերին։ Մեջքը պնդած էր մետաքսյա գոտիով, որից քարշ էր ընկած մի մեծ դանակ։ Կապտագույն շալվարը, վերևից բավական լայն, իսկ հետզհետե սաստիկ նեղանալով, իջնում էր մինչև նրա ծնկները։ Սրունքները մնացել էին բոլորովին մերկ, մերկ էին և ոտները։ Հոլանի բազուկները ծալած էին մինչև արմունկները, երևվում էր, որ ծովեզրից էր գալիս և այնտեղ ջրերի հետ գործ էր ունեցել։ Եվ իրավ, այդ ամենատաղանդավոր արձանագործի քերիչին արժանի տղամարդը պարապմունքով նավավար էր, և նավահանգստում կապած էր նրա սիրուն նավակը։

Վարպետ Փանոսի հետ նա նախածանոթ էր երևում, մոտեցավ նրան, և ինչ-որ խոսեց, բայց իմ և Ասլանի վրա առանձին ուշադրություն չդարձրեց, Եվրոպացին նրան չէր զարմացնում, կարելի էր կարծել, որ նա եվրոպացիք շատ էր տեսել։

Վարպետի հետ իր խոսքը վերջացնելուց հետո, նա անփույթ կերպով մոտեցավ մեզ և, առանց բարևելու, ասաց.

— Այստեղ ինչո՞ւ եք կանգնած։