Էջ:Raffi, Collected works, vol. 6 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ազգատոհմը. նա խրատում էր մոռանալ հայրենական կորցրած երկիրը, որ իր ձեռքումն էր գտնվում։

Պատանի Ստեփաննոսը իր աչքերը դարձրեց դեպի վրանի առջևի հրապարակը, որի վրա միմյանց հանդեպ կանգնած էին երկու շարք ձիավորներ՝ հայոց և պարսից։ Յուրաքանչյուր շարքը զուգահեռաբար ձգվում էր, որպես մի ուղիղ պարիսպ կազմված զինված ձիավորներից։ Թե՛ հայերը և թե՛ պարսիկները, հրացանները պատրաստ ձեռներին բռնած, լուռ և կասկածավոր կերպով նայում էին միմյանց երեսին։ Արեգակի ճառագայթները շողշողում էին փայլուն զենքերի վրա և լուսավորում էին անթիվ գլուխներ սև փափախներով, որոնք միախառնվելով, ձևացնում էին մի տեսակ մթին, լայնատարած զանգված։ Նա երեսը շուռ տվեց և հարցրեց Թորոսից։

— Մենք երկա՞ր պիտի մնանք այստեղ։

— Ոչ,— պատասխանեց իշխանը լռությամբ,— շուտով կհեռանանք։

Խանը հասկացավ, որ նրանք աճապարում են, հրամայեց շուտով ճաշի սեղանը պատրաստել։

— Դուք,— ասաց նա դառնալով իր հյուրերին, իմ աղուհացը անպատված կլինեք, եթե ինձ հետ չճաշեք։ Ձեզ սեղանակից կլինեն և երկու հարգելի հյուրեր՝ մելիք Ֆրանգյուլը ու Բաղր բեկը։

Լսելով այդ երկու գարշելի անունները, թե իշխանը և թե պատանին երկուսն էլ վեր կացան, հայտնելով, թե չեն կարող սեղանակից լինել այնպիսի անազնիվ և զզվելի մարդկանց հետ։ Խանը նկատելով այդ, կատակի ձև տվեց իր առաջարկությանը, ասելով.

— Տեսնո՞ւմ եք, սուտ չեն ասում, թե հայերի մեջ միաբանություն չի լինի։

— Շների հետ չեն միաբանվում, խան,— պատասխանեց իշխանը փոքր-ինչ բարկացած ձայնով։— Այսպիսի ցած խաբեբաները, այսպիսի անամոթ ստախոսները, այսպիսի անարգ դավաճանները ձեզ մոտ միայն կարող են շնորհ գտնել, իսկ ես նրանց զզվելի երեսը տեսնել չէի ցանկանա։

Որքան և վիրավորական լինեին իշխանի խոսքերը, դարձյալ խանը իրան զսպեց և ոչինչ չպատասխանեց։ Նրան ի՞նչ վնաս երկու հայ մելիքների ցած, անամոթ, դավաճան լինելը, երբ նրանց խաբեություններից և դավաճանություններից միշտ օգուտ էր քաղում նա։ Բայց ցանկանալով իր հյուրերին, որքան կարելի է, գոհունակ