Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտածեցի, որ իմ ներքինապետը նույնպես ինձ ոչինչ չէր հայտնել, նա՛, որ ամեն բան կարող էր ամենից առաջ գիտենալ։ Երբ վերադարձա տուն, իմ բարկությանը չափ չկար, իսկույն մի պարան պատրաստել տվի, հետո կանչել տվի իմ ներքինապետին։«Քեզ կախել կտամ այդ ծառից,— ասեցի նրան,—եթե ճշմարիտը չխոստովանվես, թե ինչ տեղեկություններ ունես Տիզբոնից։ —Նա ամեն ինչ պատմեց։

Սամվելը նոր բան իմացավ և նրան տիրեց խորին զարմացում։

—Քո ներքինապետը ինչո՞վ է խառն այդ գործերի մեջ,— հարցրեց նա, ուղիղ նայելով տիկնոջ այլայլված երեսին։

Որմիզդուխտը կարմրեց, գունաթափվեցավ, դարձյալ կարմրեց, դարձյալ գունաթափվեցավ, որպես մի երեխա, որ հանկարծ բռնվում է գողության մեջ։

— Կներես իմ միամտությանը, Սամվել, և կհավատաս իմ անմեղությանը,— ասաց նա արտասվախառն հեկեկանքով,— որ այդքան տարի է, այդ անպիտանը ծառայում է ինձ մոտ որպես ներքինի, բայց ես մինչև այսօր դեռ չէի հասկացել նրա իսկական պաշտոնը։ Ես միայն նկատում էի, որ նրա մոտ անծանոթ մարդիկ են գալիս, գնում են, նկատում էի, որ նամակներ է ստանում, պատասխան է գրում,— և այդ բոլորը շատ սովորական էի համարում, որովհետև գիտեի, որ Տիզբոնում, մանավանդ իմ եղբոր արքունիքում, մեծ կապեր և ծանոթություններ ունի։ Բայց այսօր ես քննեցի նրա թղթերը, բանից դուրս եկավ, որ այդ մարդը այստեղ ևս մեծ կապեր է ունեցել։ Նրա ձեռքի տակ եղել են շատ մարդիկ, մինչև անգամ հայերից, որոնք հայոց երկրի ամեն կողմերից տեղեկություններ են հաղորդել նրան, թե որտեղ ի՞նչ է կատարվում, կամ որտեղ ի՞նչ է պատրաստվում։ Եվ այդ լուրերի համար նա առատ վճարել է։ Յուր հավաքած տեղեկությունները նա միշտ ծածուկ ուղարկել է Տիզբոն և այնտեղից նոր հրահանգներ է ստացել։

— Ուրեմն նա մի ծպտյալ լրտե՞ս է եղել մեր տան մեջ ներքինապետի պաշտոնով,— հարցրեց Սամվելը, ավելի վրդովվելով։

— Այդպես է երևում։ Նրան պատվիրված է եղել ամեն ինչ հաղորդել Տիզբոն,— կրկնեց տիկինը ցած ձայնով։

«Թշնամու գործակատարը մեր տան մեջ է եղել, և մենք այդքան ժամանակ չե՞նք հասկացել— մտածեց Սամվելը մի առանձին ինքնա-անբավականությամբ։— Եվ մենք դեռևս գանգատվում ենք, որ մեր գործերը վատ են գնում․․․ Մեր տանը հարս են ուղարկում