Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

աշխարհագրական դրությունը, թե որպիսի՛ դրացիներ ուներ նա և որպիսի՛ բարբարոսներով էր շրջապատված նա։ Մի ժողովուրդ, որ սուրը ձեռքում ամեն րոպե պետք է հսկեր, թե ո՛ր կողմից է գալիս թշնամին, — նրան ասում էին՝ սուրդ ցած դի՛ր, մտի՛ր քարանձավների մեջ, և քո հոգու համար աղոթի՛ր... աշխարհը շարժե այնքանին, որ մարդ նրա համար մտածեր...

Տրդատ մեծը առաջինը եղավ, որ հետևեց այդ խրատներին և այն սուրը, որ հայոց դրացիների վրա սարսափ էր տարածում, ցած դրեց և մտավ Սեպուհ լեռան այրերի մեջ։

Բայց դրացիներն ավելի լավ էին հասկանում իրանց գործը: Այդ մասին պատմությունը տալիս է մեզ մի շատ ինքնուրույն և ժամանակի բնավորությանը խիստ հատկանիշ օրինակ։

Երբ Լուսավորչի թոռ Գրիգորիս կաթողիկոսը, քրիստոնեություն տարածելով, հայտնվեցավ Աղվանից աշխարհում, և երբ հանդիման եղավ Մազքութների Սանեսան թագավորին, յուր քարոզի. մեջ, ի թիվս այլ խրատների, հայտնեց այն միտքը, թե «Ատելի է աստծուն ավարառությունը, հափշտակությունը, սպանությունը, ագահությունը, ուրիշներին զրկելը, այլոց սեփականության աչք դնելը» և այլն։ Նրան բարկությամբ պատասխանեցին. «Եթե շհափշտակենք, եթե այլոց ունեցածը ավարի չառնենք, ուրեմն ինչո՞վ պետք է ապրենք մենք և մեր զորքերի բազմությունը»։ Հետո թագավորը և ավագանին իրանց մեջ խորհեցին. «Դա եկել է և այդպիսի քարողներով կամենում է զրկել մեզ մեր կյանքի պետքերը հայթայթելու քաջությունից․ եթե դրան լսելու լինենք, և ընդունենք քրիստոնեական օրենքները, այն ժամանակ կխափանվին մեր ապրուստի միջոցները...»։ Եվ ավելացրին. «Այդ հայոց թագավորի խորամանկությունն է, դրան ուղարկել է մեզ մոտ, որ այդ ուսմունքով խափանե մեր ասպատակությունները և մեր արշավանքները յուր աշխարհից դադարեցնե. եկեք դրան սպանենք, և հետո արշավենք դեպի Հայաստան և ավարով լցնենք մեր աշխարհը...»։

Այդպես էլ արեցին, աստուծո մարդուն կապեցին մի կատաղի ձիան պոչից և բաց թողին Վատնյան դաշտի տարածության վրա։

Այժմ պարզ է, թև ի՞նչ տեսակ դրացիներ ուներ Հայաստանը։ Եվ աղվանները դեռ ամենալավ դրացիներն էին։ Իսկ հայերը պետք է քրիստոնեական հեզությամբ այդ բարբարոսների հետ մրցեին...

Օտարազգի կրոնավորների մեծ մասը, որպես հիշվեցավ, վերևում նկարագրած անապատականներն էին, որ իրանց սպանիչ