Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հսկա, ուղղաձիգ քարաբլուր, որի հետ հեշտ չէր գործ ունենալ։ Այդ քարաբլուրի գլխին կանգնած էր հզոր միջնաբերդը, և նույն բերդի մեջ պահված էր նրանց սիրելի տիկինը։

Հարձակումը գործեցին բերդի արևմտյան կողմից, որ նայում էր դեպի ծովը: Այդ կողմիցն էր միակ մուտքը, որ բարձրանում էր սանդխտաձև աստիճանների վրայով, որ փորված էին ապառաժի մեջ։ Ուր բնությունը թերի էր թողել յուր ամրությունը, այնտեղ արհեստը լրացրել էր առանձին պարիսպներով և մարտկոցներով, որոնք կարգ-կարգ բարձրանում էին մինչև քարաբլուրի գագաթը։

Ռշտունյաց «քարագնացները» սկսեցին վեր բարձրանալ։ նրանք զինված էին երկաթյա ճանկերով, որոնցով մագլցում էին միապաղաղ ապառաժների կուրծքի վրա։ Այդ հանդուգն, աներկյուղ շահատակներին վերևից գանակոծում էին նետերի անթիվ հարվածներով։ Բայց «քարագնացները» պաշտպանված էին կաշյա լայն վահաններով, որ մեծ ամպհովանիի ձև ունեին, և կապել էին իրանց ուսերի վրա։ Նետերը դիպչում էին այդ անմխելի ասպարներին և անզոր փետուրների նման ցած էին թափվում:

—Քարեր նետեցե՜ք,— հրամայեց Մամիկոնյան իշխանը։

Սկսվեցավ սարսափելի քարեկարկուտը։ Հարյուրավոր ձեռքեր, ծանր քարե գնդակները պարսատիկների մեջ դրած, պտույտացնում էին օդի մեջ և նետում էին դեպի ցած։ «Քարագնացների» կաշյա վահանները այժմ անզոր էին այդ վիմային ռմբակոծության դեմ պաշտպանելու նրանց։ Քարը դիպչում էր և յուր ծանրությամբ գլորում էր նրանց դեպի ցած։

Այդ միջոցին միջնաբերդի հյուսիսային կողմում կատարվում էր բոլորովին այլ գործողություն։

Ավելի քան երկու հարյուր ձեռքեր առաջ էին մղում մի փայտեղեն այլանդակ հրեշ, որ յուր վիթխարի ծանրությամբ հազիվհազ շարժվում էր թանձր անիվների վրա։ Նա այդ տափակ սայլակների նմանությունն ուներ, որ գործ են ածում հայ շինականները։ Զանազանությունը նրանումն էր միայն, որ շինականի սայլակը ձգում են առջևից լծած անասունները, իսկ նրա անիվները տակից շարժում էին մարդիկ, որ թաքնված էին ամրակուռ տախտակամածի ներքո և ամենևին չէին երևում։

Բազմաթիվ ձեռքեր բահերով ու բրիչներով հարթում էին նրա ուղին, և հրեշը, որպես մի մարմնացած ահավորություն, դանդաղ կերպով առաջ էր ընթանում։ Նրա մռայլ, սպառնական երևույթը սարսափ ձգեց բերդապահների վրա։ Ամենքը իրանց ուժերը դարձրին