Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դարձյալ մեր ունեցածի չափ չեն լինի։ Այլևս ի՞նչ ուներ պակաս Մերուժանը, որ աստուծո կամքին հակառակ գնար... և թե յուր հոգուն և թե յուր աշխարհին մեղք ավելացներ... Դա՜ռն է այդ բոլորը, շատ դա՜ռն, տե՛ր սեպուհ... Թող աստված ինքը մի ողորմություն անե, չարը խափանե և բարին առաջնորդե...

Վերջին խոսքերը արտասանելու միջոցին, նա լցրեց թասը, նայեց դեպի երկինքը և աղոթելով դատարկեց, կարծես սրտի բոցն ու կրակը հանգցնելու համար։

Մերուժանը զգացվեցավ։ Մի խուլ խայթ սկսեց խայթել նրա սիրտը.․․

Երկրորդ թասը լցրեց նա և առաջարկեց յուր հյուրին, ասելով.

— Խմի՛ր, տե՛ր սեպուհ, դու ևս խնդրի՛ր, որ աստված չարը խափանե և բարին առաջնորդե։ Մերուժանը որպես իմ, նույնպես և քո իշխանն է։ Ես նրա նվաստ հովիվն եմ, իսկ դու նրա հարգելի սեպուհներից մեկն ես։ Աղոթե՜նք մեր իշխանի համար, տեր ամենակալը կլսե մեր ձայնը։

Դողդոջուն ձեռքով ընդունեց նա բաժակը և մնաց շփոթված, տատանման մեջ։ Նա պետք է աղոթեր յուր չարությունների համար, նա պետք է աղոթեր ա՛յն աստծուն, որին, պարսից արքայի առջև, հրապարակով ուխտել էր չճանաչել։ Նա պետք է աղոթեր, որ այդ աստվածը դարձներ իրան չար ճանապարհից։ Նա պետք է յուր լեզվով կարդար յուր մեղայականը։ Բայց ի՞նչ սրտով կարդար։— Դեռ չզղջացած, դեռ չհաշտված սրտով։ Այդ խիստ ծանր էր նրա համար։— Յուր հյուրընկալը սաստիկ դժվարին դրության մեջ դրեց նրան։ Ինչպե՞ս կեղծել, ինչպե՞ս խարդավանել։ Երկար տատանմունքից հետո, վերջապես, կրկնեց նա յուր հովվի խոսքերը և թասը դատարկեց...

Նա իսկույն հեռացավ սեղանից։ Հովիվը նկատեց նրա թախծությունը և կարեկցաբար հարցրեց․

— Դու, տե՛ր սեպուհ, որպես ճանապարհից եկած մարդ, երևում է, որ շատ հոգնած ես։ Ես իսկույն կպատրաստեմ քո անկողինը։ Անուշ քունը միակ դարմանն է հոգնածության։ Քո անկողինը թեև անշուք կլինի, բայց հանգիստ կլինի, քեզ կտամ իմ վերարկուն, կփաթաթվես նրա մեջ և կքնես։ Իսկ բարձի փոխարեն այդ տոպրակը կդնես գլխիդ տակին։ Նա լցրած է խիստ փափուկ խոտով, փետուրից ավելի կակուղ է այդ խոտը։

Մերուժանը շնորհակալություն հայտնելով բարեսիրտ հովվի հոգածությունների համար՝ ասաց․