Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ես և' թագավորի քաղաքավարությունը։ Դու մոռանում ես, որ խոսում ես թագուհու հետ, դու մոռանում ես, որ խոսում ես կնոջ հետ: Դու ինձ հիշեցնում ես, Շապուհ, քո գազանային վարմունքը իմ մոր և իմ ազգատոհմի հետ, և ամբարտավանությամբ պարծենում ես քո բարբարոսություններով։ Բայց դու պետք է սարսափեիր քո կատարած եղեռնագործությունների առջև, եթե քո սրտում մարդկային զգացմունքի մի ամենափոքր նշույլ մնացած լիներ։ Դու սպառնում ես ինձ, Շապուհ, այն աղետալի վախճանը, որով դատապարտվեցան իմ տոհմայինները։ Բայց չես մտածում, որ այդ սպառնալիքը ավելի կբորբոքեր իմ վրեժխնդրությունը և ավելի կամրապնդեր իմ համառությունը' ձեռք չմեկնել այն մարդուն, որի ձեռքերը շաղախված են իմ մոր և իմ հարազատների արյունով։ Դու ինձ ներումն ես խոստանում, և հրավիրում ես՝ ցած իջնել իմ ամրոցի բարձրությունից։ Լավ մտածի'ր, Շապուհ, այն բոլոր խաբեբայություններից հետո, որ դու մինչև այսօր գործ ես դրել մեզ հետ,— միթե թողե՞լ ես մի ամենափոքր հավատարմություն՝ թե դեպի քո խոսքը և թե դեպի քո խոստմունքները։ Այն օրից, որ դու իմ թագավոր-ամուսնին, որ քեզ շա՛տ և շա՛տ վտանգներից ազատել էր,— այն օրից, որ դու նենգությամբ նրան քեզ մոտ հրավիրեցիր, և քո հյուրին, և քո մտերիմ դաշնակցին, վատությամբ Անուշ բերդը աքսորեցիր,— այո՛, այն օրից դու զրկեցիր քեզ հայոց բոլոր հավատարմությունից։ Դու Հայոց աշխարհը քո ոտքերի տակն ես համարում, Շապուհ, և սպառնում ես՝ մի հարվածով ոչնչացնել նրան։ Այդ ցնորքը իրականություն կլիներ, եթե պարծենկոտությունը, եթե անսանձ պոռոտախոսությունը քաջություն համարվեր։ Չափազանց գոռոզությունը խլել է քո հիշողությունը, Շապուհ։ Մտաբերո՞ւմ ես, թե քանի՛, քանի՛ անգամ քո զորքերի դիակները թողել ես մեր դաշտերի վրա, իսկ ինքդ միաձի փախել ես մեր երկրկց։ Եվ եթե քո բանակը այսօր դրած է իմ ամրոցի մերձակայքում,— այդ ոչ քո, և ոչ քո զինվորների քաջության շնորհիվն է։ Այլ այդ քո նենգավորության և քո դավաճանության ամոթալի արդյունքն է, որ վայելում ես դու, Շապուհ։ Դու իմ թագավոր֊ ամուսնին խաբեությամբ հեռացրիր յուր աշխարհից, և նրա երկիրը անտեր թողնելով, քեզ համար ճանապարհ բաց արեցիր։ Եվ որպես ճարպիկ գողը օգուտ է քաղում տան տիրոջ բացակայությունից, նույնպես և դու մտար անպաշտպան երկիրը։ Դու ավելի ցած գտնվեցար քո գողության մեջ. դու կաշառեցիր տան ծառաներին, և գիշերով դռները քո առջև բաց