Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանանցից։— Այդ ես պահանջում դու։ Իսկ ես նրա բոլոր կանանցը կդնեմ պատգարակների մեջ, և ամենայն հարգանքով կուղարկեմ Շապուհի արքունիքը,— և այդ կլինի իմ ամենամեծ վրեժխնդրությունը...

Սպարապետի կծու ակնարկությունը սաստիկ վիրավորեց պարթևազն երիտասարդին և նրա սեգ աչքերը վառվեցան բարկության բոցով։ Նա դրեց յուր պատրաստ ձեռքը ականակուռ դաշույնի վրա, և յուր լիահնչյուն, խրոխտալի ձայնով, որ ավելի որոտում էր, քան թե խոսում, արտասանեց հետևյալ խոսքերը.

— Ես հասկանում եմ, որ մեր վիճաբանության առարկան կին է, Մուշե՛ղ։ Բայց դու կարծո՞ւմ ես, որ այն վսեմ, այն սրբազան պատկառանքը, որ կարող է զգալ Մամիկոնյանը դեպի կինը, դրա համար փակվա՞ծ է Պարթևի սիրտը։ Դու կարծո՞ւմ ես, որ միայն դո՛ւ ընդունակ ես՝ քեզ այնքան բարձր պահել և չստորանալ մինչև կնոջ հողաթափները։ Սաստիկ սխալվում ես, Մուշե՛ղ։ Այս գործի մեջ քո ասպետական փափուկ զգացմունքները ամենևին տեղիք չունեն։ Ես նայում եմ գործի վրա բոլորովին զինվորական տեսակետից։ Մենք Շապուհի հետ պատերազմ ունենք, և այդ պատերազմը, անտարակույս, կտևե երկար, այո՛, շատ երկար։ Նրա կանայքը մեր ձեռքումն են, որոնց թվում է և այրաց տիկնանց—տիկինը։ Կպահենք նրանց ամենայն պատվով մեզ մոտ, իբրև պատանդ, ինչպես Շապուհը պահել է մեր նախարարներից շատերի կանանցը առանձին բերդերում։ Մեր վարմունքի մեջ պախարակելի ոչինչ չկա, որովհետև դա վաղուց արդեն ընդունված զինվորական օրենք է։ Քանի դեռ տևում է պատերազմը, գերիներին ետ չեն տալիս։

Սպարապետը նույնպես ձեռքը դրեց դաշույնի վրա, պատասխանելով․

— Այդ ես էլ գիտեմ, Սահա՛կ, ինձ պետք չէ զինվորական օրենքները քեզանից սովորել։ Բայց դու մի բան չգիտես, լսի՛ր, Սահակ։ Դու չգիտես հայոց տիկնոջ Փառանձեմի խստասրտությունը։ Նրա գեղեցիկ, մեղմ և քնքուշ կեղևի ներքո թաքնված է մի հրեշավոր հոգի։ Դու չգիտես, որ եթե տանելու լինենք այդ անմեղ կանանցը նրա մոտ, նա, անպատճառ, բոլորին կախ կտա Արտագերսի աշտարակներից։ Նա՛, որ դժբախտ Ոլիմպիադային սպանել տվեց և հափշտակեց նրանից հայոց տիկնանց—տիկնությունը, նա՛, որ հայոց արևելյան գնդերի քաջ զորավար Վաղինակին սպանել տվեց և յուր հորը հանձնեց արևելյան գնդերի մեծ զորավարությունը, նա՛, որ յուր հին ոխակալության համար սպանել