Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ամրոցը։ Նրա յուրաքանչյուր քարը ներկված է անբախտ Կամսարականների արյունով, որոնց կոտորել տվեց քո ամուսինը, և անիրավությամբ հափշտակեց նրանց տոհմային ժառանգությունը... Նրանց հոգիները մինչև այսօր բողոքում են աստուծո արդարադատության առջև...

Եվ նա շարունակեց մի ըստ միոջե թվել թե՛ թագուհու և թե՛ նրա ամուսնի կատարած հանցանքները, ավելացնելով.

— Ահա՛ Արշակունիների բոլոր առաքինությունները... Պետք է նպատճառ կործանվի՜ այդ անբարոյական տունը, և Հայաստանը այն ժամանակ միայն հանգստություն կվայելե...

— Պարսից լծի տակ...

— Այո՛, պարսից լծի տակ, որ ավելի թեթև է, քան Արշակունիների անտանելի բռնապետությունը...

— Կորի՜ր, չարագործ,— գոչեց թագուհին և վեր թռավ նստած տեղից։— Եթե թագավորը և թագուհին արյուն են թափում, այդ հանցանք չէ, ինչպես հանցանք չէ, երբ աստվածներն են մարդիկ կոտորում։ Այդ անում են նրանք, դարձյալ մարդկանց բարօրության համար։ Վատերին մաքրում են լավերից...

Նրա բարձրահնչյուն խրոխտալի ձայնը ներս կոչեց երկու նաժիշտներին— Շուշանիկին և Հասմիկին,— որոնք, երկու զայրացած հրեշտակների նման, ներս վազեցին և, իրանց աղեղները լարելով, ճչացին։

— Թույլ տուր մեզ, տիկին, նետահարել այդ անզգամին...

Հայր֊Մարդպետը ժպտալով նայեց այդ երկու անմեղ արարածների վրա և հեռացավ...


Դեռ առավոտյան լույսը նոր էր սկսել բացվել, դեռ նոր լսվում էր թռչունների ուրախ տաղերգը։ Բայց լսվում էր և մի այլ ձայն,— սաստիկ խառնաշփոթ և ահարկու ձայն։ Դա բերդի պարիսպների մոտ որոտացող շեփորների և թմբուկների ձայնն էր։ Թագուհին լսեց բոթաբեր ձայները և իսկույն վերկացավ նստած տեղից։

Հայր֊Մարդպետի հեռանալուց հետո, նա ամբողջ գիշերը լուսացրեց անքուն։ Տխուր մտախոհությունների մեջ նստած էր և կարծես սպասում էր։ Այժմ հասավ տագնապի և անկմսեն դառն րոպեն...

Բայց նա արդեն պատրաստված էր այդ րոպեի համար։ Սիր