Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/524

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վերջը ոգեսպառ և ուժաթափ եղած մարմինը փոքր առ փոքր դեպի մի կողմն թեքվեցավ, և նա գլխիվայր կախ ընկավ ձիու կողքից։ Խելացի ձին կանգ առեց և մի քայլ անգամ շփոխեց։ Նա դեռ այնքան տիրապետում էր իրան, որ զգաց, թե ոտները մնացին ասպանդակների մեջ։ Երկար մաքառում էր, մինչև կարողացավ ոտները ազատել ասպանդակներից։ Ընկավ խոտերի վրա։Ձին չհեռացավ նրանից։

Մի քանի րոպե մնաց ուշաթափության մեջ, անշարժ, որպես դիակ։ Ձին դունչը տխրությամբ տարավ դեպի նրա գլուխը և սկսեց յուր տամուկ ռունգներով շոշափել նրա ճակատն ու երեսը, տեսնելու, թե ի՛նչ պատահեց սիրելի տիրոջ հետ։ Նա դարձյալ հուշի եկավ։

Կատարված իրողությունները ներկայանում էին նրան, որպես մի խառնաշփոթ երազ։ Տեսնում էր թշնամ ու մթին գունգնրը, տեսնում էր արյունաներկ սրերի ահարկու փայլը, լսում էր նրանց վայրենի գոռումն ու գոչումը։ Տեսնում էր և մոր սպառնական դեմքը...

«Հեռո՜ւ, հեռո՜ւ ինձանից...»— բացականչեց նա և գլուխը վեր բարձրացրեց ընկած տեղից։— «Ես չեմ կամենում տեսնել քո աղետավոր երեսը...»։

Նա մնաց նստած։ Գլուխը սաստիկ բորբոքման մեջ էր, իսկ սիրտը, կարծես, այրում էին կրակով։ «Ա՜խ, եթե մի կաթիլ ջուր լիներ...»— ձայն արձակեց խորին հառաչանքով, և սկսեց թույլ մատներով խարխափել յուր շուրջը։ Նրա ձեռքը շոշափեց մի ինչ-որ հեղուկ, մի ինչ-որ թացություն։ Ուրախացավ։ «Ահա՛, ջո՛ւր»... բացականչեց նա և աշխատում էր ափովը վեր առնել հեղուկը։ Բայց թանձր հեղուկը միայն թրջեց նրա ձեռքը, որը տարավ դեպի բոցավառ շրթունքները և սկսեց կատաղի ագահությամբ լիզել։

Նա լիզում էր յուր սեփական արյունը, որ լճացել էր գետնի վրա...

Սկսյալ այն րոպեից, երբ մոր վրա արշավելու միջոցին ցած գլորվեցավ նրա ձին, սկսյալ այն րոպեից, երբ բացվեցավ նրա վերքը, արյունը անընդհատ կերպով գնում էր։ Ձիու ցնցումը մի կողմից, անդադար հարձակումները դեպի պատերազմի դաշտի զանազան դիրքերը, մյուս կողմից, ավելի և ավելի սաստկացնում էին արյան հոսումը։ Կռիվների հրատապ ջերմության մեջ, ամբողջ օրը նա ա՛յն աստիճան հափշտակված էր յուր գործողություններով