Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Այս էջը սրբագրված է


Շտապել պետք չէ։ Բոլորը կախված է գործի սկզբնական հաջողությունից։ Եթե այս գիշեր աստված կտա ինձ ջարդել Կարա-չոռլուների ցեղը, որ մեզանից մի մղոն հեռավորության վրա է գտնվում այնուհետև հաղթությունը մեր կողմը կլինի։ Եվ այն բոլոր անհաշտ, միմյանցից բաժանված, անշարժ ուժերը, որոնց մասին ակնարկեցիր դու, այնուհետև իրանք կգան և կմիանան մեզ հետ։

– Ես չեմ հասկանում, թե ի՞նչ վնաս կլիներ, եթե սկզբից հրավիրեինք նրանց,– խոսեց իշխանը, չհամաձայնվելով Բեկի չափազանց անձնավստահության հետ։– Ես կարծում եմ, քո անունը բավական հաստատ երաշխավորություն կարելի է համարել, որ նրանք չեն մերժի քո հրավերը։

– Դու դեռ անփորձ ես, Ստեփան,– ասաց Բեկը ժպտելով։– Այդ զգույշ, մտածող և իրանց կարծիքով խոհեմ պարոններին,– որ իրանց մելիքներ, տանուտերներ ու բեկեր են կոչում և որոնց յուրաքանչյուրը մի-մի վիճակի տեր է,– լոկ խոսքերով չես կարող համոզել։ Նրանք դարձյալ կմնան իրանց խոհեմության մեջ, որ ուրիշ ոչինչ չէ, բայց միայն մի տեսակ խոհեմ անտարբերություն, ավելի լավ է ասել մի տեսակ խոհեմ մեռելություն։ Նրանց պետք է ցույց տալ շոշափելի փաստ, պետք է ցույց տալ, որ փոքրաթիվ մարդիկներով ևս կարելի է մեծ գործ սկսել, միայն թե պետք է գիտենալ, թե ինչպես սկսե:

Այդ փոքրիկ պատերազմական խորհուրդը տևեց մի քանի ժամ. նրանք երկար խոսում էին, վիճում էին և մի քանի կետերի մեջ միմյանց հետ չէին համաձայնվում։ Վերջը իշխանը հարցրեց.

– Ուրեմն դու վճռել ես հենց ա՞յս գիշեր հարձակում գործել, այն ևս Կարա-չոռլուների վայրենի ցեղի վրա։

– Այո՛, Կարա-չոռլուների վրա։ Վիշապին պետք է գլխից զարկել, ուրիշ կերպ չես սպանի նրան։ Դրա համար ես ընտրեցի այդ բարբարոս ցեղը, որ սարսափի մեջ էր պահել ամբողջ երկիրը։

– Դա խիստ վտանգավոր վստահություն է, եթե չհաջողվի, մենք ամեն ինչ կկորցնենք։

– Իսկ եթե հաջողվի, մենք ամեն ինչ կշահենք։ Վտանգի մեծության հետ կապված է և արդյունքի մեծությունը։

– Գոնե ինձ թույլ տուր հրավիրել մի քանի վստահության արժանի մարդիկ, որոնց ես ի նկատի ունեմ։

– Դու դարձյալ նույնն ես կրկնում, ինչ որ մի քանի րոպե առաջ ասեցիր։ Մեզ պետք չեն այն մարդիկը, որոնց մենք ստիպված