Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 8 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 8-րդ).djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պիտի լինենք հրավիրել։ Մարդիկ իրանք իրանց սեփական կամքով պետք է հետևեն մեզ։ Գործի բնավորությունն այդ է պահանջում։ Իսկ մարդիկ գրավելու համար, որպես քեզ ասեցի, հարկավոր է ցույց տալ նրանց մի շոշափելի օրինակ։ Խրատներով բան չի դառնա։ Իմ անցյալը, իմ Վրաստանում ունեցած հեղինակությունը բավական չէ մարդկանց հավատը որսալու համար։ Նրանք պետք է տեսնեն, թե այստեղ ինչ եմ շինում ես։ Եվ աչդ ես ցույց կտամ հենց այս գիշեր։

Դավիթ Բեկը ընտրել էր իր հայրենիքի ամենաընդարձակ մասը, որ ընդհանուր անունով կոչվում էր Մեծ-Սյունիք։ Այստեղ դեռ շարժում չկար, թեև այս կողմերումն էին երկրի գլխավոր ուժերը, թեև այստեղ էին հայոց նշանավոր մելիքները։ Մեծ-Սյունիք նահանգը բաժանված էր այդ ժամանակ յոթ ընդարձակ գավառների, որոնք սկսյալ Երասխի ափերից տարածվում էին մինչև Սևանա լիճը, մինչև Հաքարի գետը։ Այդ յոթ գավառները հետևյալներն էին.

1. Գողթան, ուր տիրում էր Մելիք-Մուսան, 2) Գենվազ, ուր տիրում էր իշխան Ստեփաննոս Շահումյանը, 3. Ղափան, ուր տիրում էր Մելիք-Փարսադանը, 4. Չավնդուր, ուր տիրում էր Թորոս իշխանը, 5.Բարգյուշատ, ուր տիրում էր մելիք Ֆրանգյուլը, 6. Սիսիան, ուր տիրում էր Բայինդուր իշխանը, 7. Զանգեզուր, ուր տիրում էր Մխիթար սպարապետը։ Այս կողմերում դեռ շարժում չկար, դեռ սպասում էին, դեռ գտնվում էին անվճռականության մեջ։

Շարժումը սկսվել էր վերոհիշյալ գավառների, այսինքն Մեծ-Սյունիքի հյուսիս-արևելյան կողմերում։ Այստեղ սկսյալ Երասխի ափերից մինչև Գանձակի սահմանը, որ էր Քուրակ-չայ գետը, տարածվում էին հինգ փոքրիկ գավառներ, որոնք միասին կազմում էին մի ամբողջ նահանգ, որ կոչվում էր Փոքր-Սյունիք կամ Արցախ։ Դա այժմյան Ղարաբաղն է։

Ղարաբաղի կամ Արցախի հինգ գավառները հետևյալներն էին․ 1 Գյուլիստան, ուր տիրում էր Մելիք-Յուսուբը, 2․ Ջրաբերդ ուր տիրում էր Մելիք-Աթամը, 3. Խաչեն, ուր տիրում էր Մելիք-Ալլահվերդին, 4. Վարանդա, ուր տիրում էր Մելիք-Հյուսեինը, 5․ Դուզախ, ուր տիրում էր Մելիք-Եգանը։

Հիշյալ հինգ գավառները կազմում էին հինգ հայ մելիքությունների դաշնակցական մի իշխանություն, որ պարսիկները կոչում էին Խամսա-մելիքլար[1], այսինքն հինգ մելիքություններ։ Այդ հինգ

  1. Խամսա արաբերեն նշանակում է հինգ։