երկու կողմից էլ գանձարանը կշահվեր, բացի դրանից, ոչխարները անդադար մեկից առնելով և մյուսին տալով, ամեն անգամ «դահեք» (տասանորդ) կվերառնեին նույնպես հօգուտ գանձարանի։
Այսպես, խանը մինչև իր դիվանխանեն կամ դատարանը հասնելը, ճանապարհին, ոտքի վրա, մի քանի գանգատներ լսեց, մի քանի վճիռներ տվեց, բոլորը մի խոսքով, բոլորին րոպեական ուշադրություն դարձնելեն հետո։ Դրսում, բաց օդի մեջ, ավելի հեշտ էր դատախազներին իրանց բողոքները նրա ականջին հասցնել. բայց երբ նա մտնում էր իր դիվանխանեն, այն ժամանակ բոլորովին անմատչելի էր դառնում։ Գանգատավորը պետք էր ֆարրաշբաշուն դիմեր, մունշի-բաշուն դիմեր, և ով է իմանում, հարյուրավոր շունուգայլի պետք է դիմեր, մինչև նրան թույլ կտային մերձենալ խանին և իր գանգատը հայտնել։ Բայց մինչև այդ թույլտվությունը ստանալը, նա ստիպված էր ամենին «փեշքեշներ» տալ․․․
Խանը արդեն մոտեցել էր դիվանխանեին։ Ամբոխը ամեն կողմից հետ էր քաշվում և մինչև գետին գլուխ էր տալիս։ Ֆարրաշները իրանց ձեռքի վարոցներով գանակոծում էին հանդիպողին, ով որ փոքր-ինչ ուշ էր շարժվում և ճանապարհ չէր բաց անում։ Բրո՜... բրո՜... (հեռացի՛ր, հեռացի՛ր) գոչում էին շաթրները։ Երկյուղը և սարսափը, տենդային ցնցումների նման, անցնում էին ամբողջ ամբոխի մեջ։ Մի մեռելային լռություն տիրել էր այդ ահագին բազմության վրա, միայն լսելի էին լինում ֆարրաշների ու շաթրների զգուշացուցիչ ձայները։ Հանկարծ հեռվից մի աղաղակ բարձրացավ և ամբոխի ուշադրությունը դարձավ դեպի այն կոդմը։
– Այրվեցա՜ն... այրվեցա՜ն... հայերը այրվեցա՜ն...— լսելի եղան խուլ ձայներ։
Կարծես, մի ահագին հրդեհ բոցավառվում էր խանի դիվանխանից փոքր-ինչ հեռու։ Թանձր ծուխը, խառն հրեղեն ալիքների հետ, բարձրանում էին դեպի երկինքը։
— Այդ ի՞նչ է այրվում,— հարցրեց խանը, կանգնելով դիվանխանեի առջև։
— Հայեր են...— պատասխանեց ֆարրաշբաշին այնպիսի սովորական եղանակով, կարծես, թե, այրվող նյութը փայտ, խոտ կամ հարդ լիներ։
Ֆարրաշները հրամայեցին ամբոխին ետ քաշվել, որ խանը տեսնե այդ տարօրինակ տեսարանը։