Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկեղեցականը—ուրիշի քսակից փող դուրս քաշող.

եկեղեցականը — անհաջողության նշան.

սուրբ խորհուրդները դարձել են վաճառքի նյութեր.

քահանայության լուծը տխմարների ձեռքին է.

եկեղեցականը — գող և ինտրիգան...

Հրապարակախոսը, սակայն, վերապահումներ է անում, թե այդպիսին է հոգևորականության մի մասը, որոշ մասը և այլն։ Նրա միտքն այն է, որ անկախությունից զուրկ ժողովրդի գոյության հիմքը կրոնն է ու լեզուն։ Վատ կրոնավորին պետք է փոխարինի «լավը», տգետին՝ կրթվածը, անազնիվին՝ իբր ազնիվ կրոնականը։ Րաֆֆին պայքարում է այն բանի համար, որ կրոնը և եկեղեցին բեկվեն դեպի նոր խնդիրներ, հարմարվեն ու ծառայեն նոր իրադրությանը, ծառայեն ժողովրդի պետքերին, «գիտական» ու գործնական կերպարանք ստանան։

Րաֆֆի հրապարակախոսն էլ քննադատում է եկեղեցականի վատ ու այլանդակ օրինակը։ Վանի ավազակ Պողոս վարդապետին նա հալածում է անխնա հրապարակով։ Դավրեժի առաջնորդը քննադատվում է անկարողության համար։ Վանքերը և կուսակրոն հոգևորականությունը չեն տեսնում, թե ինչպես փոխվել են կյանքի պայմանները և այժմ ի վիճակի չեն «ազգի արդի պահանջներին» բավարարություն տալ։ Ազգային միասնության փոխարեն տիրում է կրոնական երկպառակությունը, արևմուտքի միսիոները տեր ու տիրական է դառնում։ էջմիածինը պետք է հայրախնամ ուշադրություն դարձնի «հեռու արևելքում ցրված, մոլորված, իր կորուսյալ ոչխարների վրա»,— պնդում է Րաֆֆին։ Հայ ժողովրդի անպետական գոյության պայմաններում կրոնին ու կղերին ազգապահպանման ու իբր պետական գործունեության ֆունկցիա տալով, Րաֆֆին, որքան քննադատում և ծաղրում, այնքան ավելի բարձր դեր էր հատկացնում նրանց։ Հայ իրականության խեղճության արդյունք է րաֆֆիական հարցադրումը, այն ողբերգական կացության արդյունքը, երբ հալածված ու ոտնահարված իրավունքը պաշտպան չուներ, երբ դատարանն ու օրենքն ուղղված էին այլազգիների, նաև հայերի դեմ, երբ օրվա հացը մուրացող մշակն ու անհող գյուղացին դռնեդուռ ընկած օգնություն էին աղերսում, երբ սեփական ինչքը և պատիվը պաշտպանելու ուրիշ միջոց չէր կիրառվում, քան Քրիստոսի ծառայի «մխիթարող» դատարկ խոսքի պրոպագանդը։ Խեղճության դարմանը Րաֆֆին տեսնում է նույնքան խեղճ ու ապիկար ինստիտուտների մեջ։

Իրականում դպրոցը և մանկավարժությունը ենթարկված էին կղերին։ Րաֆֆին սաստիկ բողոքում է դրա դեմ, որովհետև կղերը իր այժմյան պատկերով բարոյական ներգործության ուժը կորցրել է։ «...Մեր դպրոցներում ընդունված կրոնագիտության ուսուցումը և նրա դասատվության եղանակը, բացի աշակերտին մոլորության մեջ ձգելիք, բացի նրա խելքն ու միտքը շփոթելիք, մի այլ նշանակություն չունեն»։ «Կրթության խնդիրը հայոց մեջ» հոդվածում Րաֆֆին հավասար չափով քննադատում է ընտանիքը, եկեղեցին ու դպրոցը, որովհետև նրանք բոլորն էլ շեղվել են մանուկ սերնդի դաստիարակության ճիշտ ճանապարհից, բայց հենց նրանց ձեռքին պետք է լինի այդ դաստիարակությունը։ Բարին, լավը, հայրենասիրությունը կրթության դաստիարակության խնդիրներն են և ամեն ոք պետք է օգնի դրանց արմատավորմանը մանկան հոգու մեջ։

Դպրոցի և մանկավարժության առօրյա գործնական հարցերում Րաֆֆին գոյություն ունեցող վիճակի ուժեղ քննադատ է։ Իբրև մանկավարժ, նա ինքը