Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պահանջմունք ունի. նա չգիտե, որ գող կամ վնասակար չլինելը մեր անձնական պարտավորությունն է, և եթե մենք չենք գողանում, դորանով մի բարի բան չենք գործում։ Մտածության այսպիսի տրամադրության մեջ գտնվելով մեր ժողովուրդը, նա յուր առաջնորդից ավելի մեծ բան չի պահանջում, նա գոհ է, երբ նա չլիներ գող և հափշտակող։ — «Կիրակոսը լավ մարդ է, ասում է հայը, որովհետև Մարտիրոսի փողը նորա ձեռքն ընկավ, բայց չկերավ»։

Բայց նայելով այն դիրքին, որ Պարսկաստանում բռնած են հայոց առաջնորդները, նայելով այն արտոնություններին, որ նրանք վայելում են պետությունից, բոլորովին իրավունք ունինք պահանջել, որ նրանք վարվեին համաձայն յուրյանց նշանակությանը. նրանք ժողովրդի բարին մտածեին, նորա ժամանակակից պահանջներին բավականություն տային և ոչ միայն յուրյանց քսակը հարստացնելու աշխատեին։ Բայց քանի որ առաջնորդի իրավունքները մի կանոնավոր ձևի մեջ դրված չեն, դոցանից և ոչ մինը սպասել կարելի չէ։

Ի՞նչ ելք կա։

Մեր կարծիքով պետք է հետևել այն օրինակին, ինչ որ արավ Թուրքիայի հայը, պատրիարքի միապետական իշխանությունը փոխելով սահմանադրական վարչության։ Պարսկաստանում դա փրկարար միջոցներից ամենագլխավորն է։ Բայց հարցը նորանումն է, թե արդյոք հայերին Պարսկաստանում թույլ կտրվի՞ ունենալ ազգային առանձին սահմանադրական վարչություն։ Այդ մասին ոչինչ տարակույս չկա, քանի որ առաջին փորձը աչքի առջև ունինք։

Շատ տարի չէ (1873 թվին), որ Թեհրանի հայերը փորձ փորձեցին ունենալ ազգային սահմանադրական վարչություն, և բարձր կառավարությունը չմերժեց նոցա խնդիրքը, շնորհելով բոլոր արտոնությունները, ինչ որ պետք է մի ազգային ազատ սահմանադրական վարչության: Բայց եթե գործը չգնաց, և համարյա յուր խանձարուրի մեջ մեռավ, պատճառն այն էր, որ գործիչ անձինք պատրաստված չէին, նրանք սկսեցին և թողեցին, առանց շարունակելու համբերություն ունենալու: Բացի դրանից, Թեհրանը թեև Պարսկաստանի մայրաքաղաքն է, բայց հայության կենտրոնը չէ, մի այսպիսի գործ պետք էր հիմնել այն տեղում, ուր հայերն ավելի խիտ բնակչություն ունին, ուր նոքա յուրյանց զարգացումով ավելի բարձր են, ուր նոցա նյութական դրությունը ավելի հաջող պայմանների մեջ է: Այդ մասին ավելի հարմար է Ատրպատականը, և Դավրեժ քաղաքը կարող է նորա կենտրոնը լինիլ: