Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակի բերմունքից. քանի որ գիտենք, թե պետությունները որքան քաղաքակրթվում են (իհարկե կեղծ քաղաքակրթությամբ), որքան զարգանում են, այնքան նրանք ժլատ են լինում յուրյանց հպատակ մանր ազգերին ազատ արտոնություններ շնորհելու...[1]

* *

*

Այժմ դառնանք այն հարցին, թե արդյոք Պարսկաստանի հայերը ցույց տալի՞ս են որևիցե ձգտողություն դեպի ժամանակակից կրթությունը, կամ նոցա մեջ երևո՞ւմ են առաջադիմության նշաններ։

Արդարև, Պարսկաստանի հայի անցյալը անցել է խիստ տխուր հիշատակներով, և նորա ներկան թեև այնքան նախանձելի չէ, բայց նա արդեն պատրաստվում է մի փառավոր ապագայի համար։ Օրինակ առնենք Դավրեժի հայերը և քննենք այս քաղաքի մերայնոց մտավոր գործունեությունը։ Սկսենք դպրոցից։ Դավրեժի ազգային դպրոցի հիմքը դրեց արժանահիշատակ Սահակ եպիսկոպոս Սաթունյանը 1850 թվին։ Նա կառույց դպրոցի շենքը և ժողովեց այնտեղ հայ մանուկները, որոնցից շատերը մինչև այն օրը մի տիրացուի մոտ այբբեն սովորելու բախտից ևս զուրկ էին։ Սաթունյանը կանգնեց նույն դպրոցի մոտ և մի հոյակապ շինվածք, որպես առաջնորդարան, և առաջնորդի «դուռը» այն օրից պաշտոնական կերպարանք ստացավ, երբ նորանից առաջ անհայտ և բոլորովին աննշան մի բան էր։

Ցավալին այն է, որ հիշյալ հիմնարկություններից հետո Սաթունյանի կյանքը կարճատև եղավ, այդ պատճառավ նա չկարողացավ կատարել յուր խիստ ցանկալի փափագը, այն է` դպրոցի գոյությունը պահպանելու համար նորա նյութական դրությունը մշտապես ապահովել։ Բայց նորա մահից հետո դարձյալ մնաց մի գումար, որ դպրոցի սկզբնական հիմնադրամն դարձավ։ Սաթունյանի մահից հետո մինչև այժմ 26 տարվա միջոցում միմյանց հաջորդեցին 6 առաջնորդներ։ Այս «նորին սրբազանություններից» և ոչ մեկը մի քար անգամ չդրեց այն շինվածքի վերա, որի հիմքը

  1. 1 Մենք խոստանում ենք առանձին հոդվածներով ավելի մանրամասն կերպով բացատրել այս հարցը, ցույց տալ նորան իրագործելու միջոցները, և Պարսկաստանում նորան որպիսի կերպարանք տալու ձևը։