Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դրել էր Ատրպատականի արժանահիշատակ բարերարը։ Այլ խոսքով, դպրոցը դոցա օրերով ոչ միայն յուր ուսումնական և նյութական վիճակի մեջ առաջ չգնաց, այլ հետզհետե ընկնիլ սկսավ[1]։ Սաթունյանը շինեց դպրոցը, առաջնորդարանը և այլ ազգօգուտ հիմնարկություններ, — բոլորը յուր փողով, այսինքն` այն փողով, որ նա ստանում էր վիճակից որպես «հոգևոր պտուղ»։ Բայց նա ժողովրդից ստացածը կրկին ժողովրդին ետ դարձրեց, յուրյան չսեփականեց։ Նույն վիճակից նորա հաջորդներն ստանում էին նույնքան, բայց այս վերջինները «հոգևոր պտուղը» յուրյանց ջիբը դրին...

Ճշմարիտ է, եթե Սաթունյանի հաջորդներից ամեն մեկը մի մասնավոր գումար ավելացրած լիներ դպրոցի դրամագլխի վերա, դպրոցը բոլորովին նյութապես ապահովված կլիներ, բայց ընդհակառակն, նորանք այնքան անփույթ գտնվեցան, որ չաշխատեցին մինչև անգամ հանգուցյալի թողած գումարը օրինավոր կերպով շահեցնել, այլ այս և այն մարդու ձեռքը ընկնելով, համարյա ոչնչացավ…

Թողյալ դպրոցի մի այսպիսի անմխիթար նյութական վիճակը, նորա ուսումնական կամ կրթական մասը սարսափելի այլանդակության մեջ էր։ Երևակայեցեք ձեզ մի վարժատուն, ուր վարժապետը բոլորովին հարբած է ներս մտնում, աթոռի վերա նստած ժամանակը նորա քունը տանում է, — աշակերտները այս բախտավոր րոպեին էին սպասում։ — Նորանք հավաքվում են վարժապետի չորս կողմը, մինը պոչին թել կապած ճանճ է թռցնում նորա երեսի վերա, մյուսը մորուքի հետ խաղում է, երրորդը այս խոսքերն է ասում. «վարժապե՜տ, վարժապե՜տ, մի փիալա էլ (բաժակ) համեցե՜ք»։ Երևակայեցեք ձեզ մի վարժատուն, ուր աշակերտը առավոտից մինչև իրիկուն լսում է յուր դաստիարակից այսպիսի խոսքեր. «շուն շան որդի» — «հարամ զադա» — «էշի լակոտ» և այլն, — և միշտ ընդունում է յուր մարմնի վերա նորա ձեռքի անտանելի հարվածները։ Երևակայեցեք, վերջապես, մի վարժատան դրություն,

  1. 1 Իբրև բացառություն, խղճմտանքի ընդդեմ կշիներ չհիշել Գևորգ եպիսկոպոս Վեհապետյանցին, որո առաջնորդության օրերով դպրոցը բավականին ծաղկիլ սկսավ, և նորին սրբազանությունը, յուր սեփական փողից մինչև 6000 ռուբլի ծախսելով, անձամբ Թեհրան գնաց, նորին մեծ. շահին ներկայացավ, և դպրոցի համար արքունի հրովարտակ (ֆերման) և կառավարությունից 250 թուման մշտական օժանդակություն ստացավ, որ մինչև այսօր շնորհվում է դպրոցին։