Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ այդ անմեղ, պարզամիտ ժողովուրդին խրատում են, որ նա թողնե հայրենի երկիրը, գնա հեռու, շատ հեռու և օտար աշխարհներում յուր համար ապրուստ որոնե... Եվ այդ ժողովուրդն է, որ այժմ լեցնում է Կ. Պոլսի քարվանսարաները, նավահանգիստները, մաքսատները, և համալի ստոր պաշտոն է կատարում, — մի ծառայություն, որ բեռնակիր անասուններին միայն է սեփական... Այդ ժողովուրդն է, որին հանդիպում ես Տաճկաստանի և Եգիպտոսի (որտե՛ղ չկան նրանք...) բոլոր ծովեզերյա քաղաքներում, ուր նոցա գործն է չոփջիություն[1], թուլումբաջիություն[2], և այլ այսպիսի ստոր պարապմունքներ: Ուր նոցա կերակուրն է` զինվորներից ավելցած սոմունը[3] և մեջիդների միաբանության (սոֆթաների) սեղանից ավելցած փշրանքը[4]: Ուր նոցա օթևանն է բաղնիքների վառարանի (թուլամբարի) մոխիրները[5]...

Այս ժողովուրդն առյուծի ուժ ունի, բայց գառնուկի սիրտ... Նա յուր բոլոր մարմնական զորությունը սպառում է այն գործի մեջ, որ նավերից փոխադրում է դեպի ցամաք այն ծանրությունները, որին կրակի և օվկիանոսի ուժերն հազիվ կարողանում են դիմանալ… Բնությունը ոչինչ չէ խնայել նրան. նորա մեջ կան հարուստ ու ճոխ զորություններ, բայց դեռ անմշակ... — միակ բանը, որ պակաս է նորան, է կրթությունը, և այդ փոքր բան չէ...

Այս մշեցի, վանեցի, բաղեշցի ժողովուրդն է, որ հայրենիքը ձգած, ցրված է դեպի ամեն կողմ: Նա թողնում է յուր տանը ծերունի հայր, պառավ մայր, մանկահասակ ամուսին, փոքրիկ երեխայք, — բոլո՛րն կարոտության մեջ... նորան խորհուրդ են տալիս գաղթել, նոր աշխարհներ գտնել և բախտ որոնել... Բայց ինչո՞վ և որպես...

  1. 1 Չոփջիություն նշանակում է հալ մշակների այն պարապմունքը, որ նոքա քադաքացվոց տների աղբերը յուրյանց կողովների մեջ առնելով, տանում են ծովը նետում։
  2. 2 Թուլումբաջիությունն է ջրկիրների պաշտոնը, որոնք միևնույն ժամանակ ծառայում են որպես հրդեհաշեջներ։
  3. 3 Սոմոն մի տեսակ հացի անուն է, որ տալիս են որպես պաշար Տաճկաստանի զինվորներին, և նոքա սովորություն ունեն վաճառել հացի բորբոսած և անպիտանացած մասը հայ պանդուխտներին։
  4. 4 Տաճկաստանում կան այնպիսի մեջիդներ, ուր դրած են թագավորների կամ երևելի անձանց շիրիմները, այսպիսի մեջիդներում մի դաս մոլլաների գործն է աղոթեք այնտեղի ննջեցյալների համար, նոքա կոչվում են սովթաներ և ստանում են նույն մեջիդի կայքից առատ կերակուր, որի ավելորդը, որպես մի աժան կերակուր, գնում են հայ մշակներն
  5. 5 Հայ մշակներն, մանավանդ Տաճկսստանում, մի ուրիշ աժանագին տեղ չգտնելով գիշերելու համար, տարվա տաք եղանակներում անցուցանում են եկեղեցիների գավիթներում, իսկ ձմեռվա ցրտերի ժամանակ բնակվում են բաղնիքների թուլամբարներում։ Եթե տարտարոսի վերա կամեիք ճիշտ գաղափար ստանալ, բավական է մի անգամ թուլամբարը տեսնել, ուր բոցը, խեղդող ծուխը և մոխիրը միասին գործում են։ Նա լավ է նորանով միայն, որ տաք է․․․ Այնտեղ է բոլոր պատսպարան չունեցողների օթևանը...