Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ասիական Տաճկաստանում շատ փոքր է այն գյուղերի թիվը, որոնք ամբողջապես բնակեցրած լինեին հայերով. շատերը խառն են քուրդերի և տաճիկների հետ։ Եվ եթե կան բոլորովին հայաբնակ գյուղեր, նրանց մերձակայքում դրած են մահմեդականներին, իսկ քաղաքներում շատ խառն են բնակվում։ Եվ այսպես, հայերի և մահմեդականների հարաբերություններն անջատված չեն։ Որպիսի՞ հետևանքներ են առաջ գալիս այսպիսի սերտ հարակցությունից։ — «Լավ բան է, բայց ափսո՛ս, որ գյավուրին (անհավատին) է պատկանում» — դա մի առած է մահմեդականի լեզվում։ Մահմեդականը միշտ աչք ունի հային պատկանող այն ամեն բանի վրա, ինչ որ գեղեցիկ է, ինչ որ թանկագին է։ Եվ հայի գեղեցիկ կինը ու աղջիկը չէին կարող չգրավել նրա հրապուրանքը։

Տաճիկը, մանավանդ քուրդն ամեն ինչ ավելի ախորժակով է վայելում, երբ նա գողացված էր։ Գողանալ յուր ամուսին քուրդի համար ոչ միայն պարծանք է համարվում, այլև քաջություն։ Եվ այդ հերոսությանը զոհվում են մեծ մասամբ հայոց գեղուհիները։ Մի երկրորդ, ավելի զորեղ շարժառիթ պատճառ է տալիս նրանց հափշտակությանը, այն է կրոնական մոլեռանդությունը. — գողանալ քրիստոնյա կինը և աղջիկը և նրանց դեպի մահմեդականություն դարձնել, դա հոգևոր վարձատրություն ևս ունի։

Մի անգամ խլվեցավ աղջիկը հայրենական տնակից, այլևս նրան վերադառնալու հույս չկա։ Մահմեդականությունը սարսափելի օրենքներ ունե մի անգամ նրա ծոցը մտնող (եթե բռնությամբ ևս լիներ) և կրկին դեպի հայրենական կրոնը վերադարձող անձի համար։ Հանդիպող մահմեդականն իրավունք ունի սպանելու նրան։ Եվ երկյուղը փակում է նրա վերադարձի ճանապարհը։

Իսկ մի երկրորդ մոլեռանդություն նույնիսկ հայերի կողմից ոչ պակաս է քան մահմեդականինը, որ և առավելապես պատճառ է դառնում թշվառ զոհերի կորչելուն։ Մի անգամ մահմեդականի ձեռքն ընկած աղջիկը և կինը համարվում է որպես պղծված մարմին։ Նրանք կորցնում են ազգայինների մեջ իրանց համարումը և պատիվը, և այնուհետև դժվար թե մի հայ տղամարդ կցանկանար այնպիսի մի կնոջ և աղջկա հետ ամուսնական կապ ունենալ։ Այդ գիտեն թշվառ զոհերը... և եթե նրանք այնքան քաջություն ունին, որ կամենում են ազատվել իրանց հափշտակողների ձեռքից, այլևս չեն վերադառնում դեպի իրանց ազգայինները, այլ իրանց նախատինքը ծածկելու համար շատ անգամ անձնասպան են լինում, և կամ հուսահատությունից ստիպված, ակամա կերպով խոնարհվում