Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/278

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպ ավազակությամբ հարստություն են դիզել.— և վերջ ի վերջո ցանկանում են լավ մարդ ձևանալ, և իրանց կեղտոտ անցյալը ծածկել ազգասիրական քողով։

Այս տեսակ «ազգասերը» սիրում է ազգը նրան կողոպտելու համար, որպես վամպիրը թմրեցնելով է ծծում իր զոհի արյունը։ Նա կխոսի քեզ հետ միշտ հայերեն լեզվով, կաշխատե հեռու մնալ օտարազգի բառերից, և միշտ (բայց խոսքերով միայն) բարի ցանկություններ կհայտնե իր «սիրելի» և «պատվական» ազգի մասին։ Ա՛խ ու ո՛հը նրա բերանից պակաս չեն, երբ լսում է ազգի թշվառությունը, և շատ անգամ արտասուք է երևում նրա աչքերում, երբ կարդում է «Վերք Հայաստանին»։ Նրա բարկությանը չափ չկա, երբ ազգի մասին թշնամանք և հայհոյանք է լսում, և ատում է այն բոլորին, որոնք հայ չեն։ — Այս բոլորը անում է նա, բայց եթե գիտենա, թե Հայկի ոսկորներին մի քանի կոպեկ փող կտան, իսկույն գերեզմանից կհանե ու կծախե…։

* *

*

Ընթերցող, դու բավական ծանոթացար մեր նկարած երկու տիպերի հետ — փտած և կեղծ ազգասերների հետ. — կամենում ե՞ս այժմ քեզ անձնապես ծանոթացնեմ նրանց մեկի հետ, և դու քեզ բոլորին ճանաչած համարիր, որովհետև ամենքը շատ քիչ տարբերությամբ միմյանց նման են։

Դա վերջին տեսակիցն է։

Ահա՛ մտնում ենք նրա մենարանը, այստեղ է գործում ազգի երևելի մտածողը։ Մեծ գրասեղանի հանդեպ, նույնպես մեծ բազկաթոռի վրա նստած է նա։ Նա մի հաստլիկ մարդ է, խոսում է նույնպես հաստլիկ ձայնով. թշերը նույնպես հաստլիկ են և թունդ-կարմիր գույն ունեն։ Երևում է, ազգասերի փորը միշտ կուշտ է եղել. նա շատ առողջ է, թեև գլխի մազերը սպիտակել են։

Գրասեղանի դեմ ու դեմ (ազգասերի աչքի առջև) սև շրջանակի մեջ, կախված է մի խորհրդավոր պատկեր, որ ներկայացնում է մի հերարձակ կույս, որ նստած է փլատակների վրա։ Նրա շուրջը թափված են խորտակված գավազաններ, փոշեթաղ թագեր, փշրված դրոշներ և զանազան զենքեր։ Իսկ ինքը` կույսը, ծնոտին նեցուկ տված, գեղեցիկ գլուխը մի կողմ թեքած, տխուր կերպով նայում է Հայաստանի ավերակներին…։ Այս պատկերից փոքր-ինչ հեռու, ազգասերի աջ ու ձախ կողմերում, պատից քաշ են ընկած