Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/288

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժողովրդի մեջ, թե այս մարդը անկրոն է, խաչին կամ պասին չէ հավատում... պրծա՜վ գնաց...

Մի քանիսի համար պատմում էին, թե սովորություն ունեն վարժապետի ռոճիկից ծածուկ «տասնորդ» վեր առնել, եթե վերջինս չհոժարվի վճարել, պետք է թողնե դպրոցը։ Հակառակ դեպքում, տեր-հայրը կարող է նրան հազար ու մեկ կերպով վնասել։ Մեկի համար ասում էին, թե մինչև անգամ իր ձեռքի տակ ունի սրիկաներ, որոնք պատրաստ են տեր հոր ամեն տեսակ հրամանները կատարելու, որքան և ավազակային կամ եղեռնական լինեին։

Մենք լսել էինք, թե քահանաները մոցիքուլություն են անում, և թե՛ աղջկա, թե՛ տղայի կողմից առատ «աջահամբույր» են ստանում. մենք լսել էինք, որ քահանաները մինչև անգամ կավատություն են անում, բայց չէինք լսել, որ քահանան մի վարժապետի պաշտոն գտնելու համար աչք դներ նրա ողորմելի ռոճիկին։

Մենք մեր ընթերցողին ցույց տվեցինք, թե որպես են վարվում վարժապետների ընտրության մեջ դպրոցների կառավարության հինգ գլխավոր գործիչներն, — այսինքն` հոգաբարձությունը, տեսուչը, հոգևոր իշխանության ներկայացուցիչը, «աղաները» և խռովարար քահանաները։ Այժմ խոսենք այն բանի վրա, թե ի՞նչ հետևանք են ունենում այս տեսակ ընտրությունները։

Շա՛տ հասկանալի է, թե ի՛նչ. — նախ, դպրոցը չէ ծառայում իր բուն նշանակությանը, իր իսկական նպատակին, այլ նա դառնում է զանազան կրքերի խաղալիք. նա դառնում է մի հիմնարկություն, որի միջից կռիվը, խռովությունը անպակաս են լինում։ Երկրորդ, տարակույս չկա, որ շահեկան նպատակներով ընտրված վարժապետներ չեն կարող իրանց պաշտոնին ընդունակ մարդիկ լինել. — Բայց այս վարժապետները առաջ են բերում ուրիշ շատ անկարգություններ ևս։ Ի՞նչ։

Ինձ պատահել է քննել մի քանի դպրոցների ծրագիրները. ի՞նչ եք կարծում, այդ ողորմելի ծրագիրները յուրաքանչյուր տարվա ընթացքում, և երբեմն միևնույն տարվա մեջ երկու անգամ փոխվել են։ Ծրագիրները անդադար փոխվել են, որքան անգամ փոխվել են վերոհիշյալ հանգամանքներով վարժապետները։ Նոր մտած վարժապետները, իրանց նախորդների անընդունակությունը ցույց տալու համար, սկսել են իրանց խելքին զոռ տալ մի նոր ձև և մի նոր պրոգրամա մտցնել։ Եվ այսպես. հին վարժապետների հիմնածը միշտ նորերն քանդելով, առիթ են տվել անվերջ փոփոխությունների։ Վարժապետները չեն ենթարկվել դպրոցի մեջ ընդունված մի