Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/290

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

* *

*

Վերոհիշյալ հանգամանքների մեջ, իհարկե, դպրոցներում ոչ միայն ուսանելի առարկաների համակարգություն և մինը մյուսին համապատասխան ներդաշնակություն չէ կարող լինել,— այլ դպրոցները մինչև անգամ չեն կարող տալ ժողովրդին և այն բանը, որ կոչվում է հասարակ դպրություն կամ գրագիտություն (грамотность)։ Այսպիսի դպրոցները միշտ զուրկ կմնան որոշ ուղղությունից, և ուսանելի առարկաների մեջ ներքին կապ չէ կարող լինել, այլ նրանք այնպես խառնիխուռն կերպով ածված կլինեն ողորմելի աշակերտների գլխում, որպես անկապ մթերք։ Այլևս չեմ խոսում վարդապետների մանկավարժական եղանակների վրա, որոց ամեն մինը իր էշը իր եղանակովն է քշում...

Մեզանում մի առած կա, թե «ագռավն ուզեց կաքավի երիշով (ընթացքով) գնալ, իր երիշն էլ կորցրեց»։ — Միշտ այդպես է լինում, երբ մարդ իր սովորականը թողնում է, և նախ քան սովորելու օտարի վարմունքի ձևերը, սկսում է ինքն էլ նույն ձևերով ընթանալ։ Նա ծիծաղ է շարժում և ավելի ոչինչ։

Նոր, եվրոպական կոչված մանկավարժական արհեստի մեջ մեր վարժապետները միևնույնն են անում. — իրանք դեռ սովորելու կարոտ ուսուցչի պաշտոն են հանձն առնում։ Եվ արտաքին ցույցերով միայն կամենում են նմանվել, թե հմուտ մանկավարժներ են. իսկ նմանվելն ցած կապիկություն է, որ միայն կարող է ծիծաղ շարժել։

Խոսելով առհասարակ մեր վարժապետների վրա, չէ կարելի չնկատել մի խոշոր երևույթ, որը խիստ անմխիթար տպավորություն է գործում։ Մեր մեջ մինչև այսօր հայտնված, և իրանց գործին փոքր ի շատե հմուտ ու խղճմտանքով վարժապետների թիվը այնքան փոքր է, որ կարելի է մատներով համբարել. — Բեգնազարյանց, Աղայանց, Ղուկասյանց, Տեր-Ղևոնդյանց, Պռոշյանց, Պալասանյանց, Բարխուդարյանց, Շահվերդյանց, Չիգիանյանց, Մ. Սիմոնյանց և մի քանի ուրիշներ։ Այդ պարոնները, բացի երկուսից, ո՛չ մասնագետներ են և ո՛չ բարձր ուսում ստացած համալսարանականներ. — դրանք ավելի ժողովրդական թերուսներ են։ Եվ զարմանալին այն է, որ գրականության մեջ դարձյալ միևնույն անձինքն են հայտնվում. — ունեն ինքնուրույն և թարգմանական աշխատություններ, գրում են լրագիրների և ամսագիրների մեջ, և իրանք ոչ այս և ոչ այն մանկավարժ-արհեստագետի աշակերտ լինելով,