Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա հետազոտում է, ճանաչում է մարդկությունը, մարդկության սրտի և կյանքի մեջ ուսումնասիրելով նրա պետքերը: Նրա արտահայտած մտքերը մարդկության մտածությունների եզրակացություններն են, նրա ձայնը ժողովրդի սրտիցն է բխում: Ինքն ժողովրդին է պատկանում և իր մեջ բովանդակում է ամբողջ ժողովուրդը: — Նա դառնում է մարգարե, պատգամախոս և արտահայտում է ժողովրդի պահանջները:

Բայց մենք այսպիսի ինքնուսներ չունենք և չենք էլ ունեցել, — դրանք այն մարդիկն են, որ կոչվում են տաղանդներ, ժողովրդական բանաստեղծներ և փիլիսոփաներ:

Մենք ունենք անհաստատ թերուսներ միայն, որոնք մի խառնուրդ են գիտության և ժողովրդական մարդիկների, իրանց անզարգացած դրության մեջ: Այդ մարդիկը օգտավետ են լինում նրանով, որ զուրկ չեն առողջ և ինքնուրույն մտածութենից, և զորեղ ընդունակություն ունենալով, շուտով ըմբռնում են ամեն մի լուսավոր գաղափար: Եվ այդ է պատճառը, որ նրանք մի զարգացած մարդու ազդեցության տակ, կամ մի զարգացած շրջանի մեջ` այնքան զարգանում են, որ երևելի մարդիկ են դառնում: Մեզանում այս տեսակ շրջաններից առաջին օրինակը տվեց «Մշակի» խմբագրատունը, նա պատրաստեց և պատրաստում է մարդիկ, որոնք ապագա են խոստանում…:

Ոչ ոք այնքան ճարպկությամբ չէ սեփականում և չէ յուրացնում ուրիշի մտածության ծնունդը, որպես թերուսը: Եվ եթե քննելու լինենք մեր թերուսների գրավոր աշխատությունները, կտեսնենք, որ նրանք հետևողություններ են, միայն վարպետ կերպով ձևակերպած: Թերուսը և սահմանափակ մասնագետը նրանով են միայն զանազանվում, որ առաջինը բանեցնում է իր խելքը, իսկ երկրորդը` օտարի խելքը:

Թերուսը նոր ատամներ և լավ ախորժակ ունի, նա ամեն բան մարսում է: Դուք տվեցեք նրան մտքեր միայն, նա իսկույն մի բան կշարադրե: Եվ այս է պատճառը, որ նրանց գրվածքները լինում են բազմակողմանի. նրանք ամեն բանի վրա դատում են, ամեն բանի վրա գրում են և ամեն բանի մեջ խրվում են...:

Եվ շատ զարմանք չէ, երբ տեսնում ենք, որ մեր թե՛ գրական և թե՛ ուսումնարանական ասպարեզներում ավելի թերուսներն են դեր խաղում: Դրանք կարող են օգտավետ լինել, որովհետև իրանք ճանաչել են ժողովրդին և ժողովուրդն էլ հասկանում է նրանց լեզուն: — Միայն թե շառլատաններ չլինեն...