Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի՞ՆՉ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏՔ ԵՆ

ՏԱՃԿԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Եթե ներկան անցյալի շարունակությունն է, եթե ներկան ուղղելու համար պետք է օգուտ քաղել անցյալից, այդ կետից նայելով, մենք չենք սխալվի, եթե ասենք` Կ. Պոլսի պատրիարքարանի հրատարակած «Տեղեկագիրքը», որ պարունակում է իր մեջ Տաճկական Հայաստանի ամբողջ քառորդ դարի գործերի արձանագրությունները,— բավական է առաջնորդ լինելու համար, թե ո՛րպիսի վերանորոգություններ պետք է պահանջե Կ. Պոլսի հայոց պատրիարքը, որպեսզի այսուհետև հայերի վիճակն ապահով լինի և նրանք ազատվեն մինչև այսօր գործված անիրավություններից:

Քննելով պատրիարքարանի հրատարակած «Տեղեկագիրքը», մենք գտնում ենք, որ նա բովանդակում է իր մեջ գլխավորապես հետևյալ չորս կետերը. ա) անապահովություն ապրուստի և սեփականության, բ) անապահովություն կյանքի, գ) անարդարություն դատաստանի մեջ և իր իրավունքի պաշտպանության, դ) անապահովություն ազգային առանձնությունների:: — Ուրեմն Տաճկաստանի հայերի վիճակը բարվոքելու համար գործ դրվելի վերանորոգություններն այն ժամանակ միայն կարող են նպատակահարմար լինել, երբ լիակատար բավականություն կտան վերոհիշյալ չորս կետերի բարվոքմանը։

Խոսենք յուրաքանչյուրի վրա առանձին։

Ա. Մենք ապրուստի և սեփականության անապահովություն չենք համարում այն դեպքերը, որ հային հարստահարում են, նրա աշխատության արդյունքը նրա ձեռքից խլում են, և նա մշտապես ենթարկված է զանազան բռնաբարությունների և ավազակությունների, — ոչ, Տաճկաստանում սեփականության ապահովությունը և հետևապես ապրուստի դժվարությունը կայանում է գլխավորապես այն բանի մեջ, որ հայը հող չունի, այս պատճառով նա կյանքի հաստատուն հիմք չունի: Հողի վերաբերությամբ մահմեդականի օրենքը բովանդակվում է այս վարդապետության մեջ. «Ամբողջ տիեզերքն աստծուն է պատկանում, սուլթանը աստծու խալիֆան կամ ներկայացուցիչն է երկրի վրա, իսկ հողը նրա սեփականությունն է»: Այստեղից առաջ է գալիս այն ծիծաղելի սնահավատությունը, իբր թե մի երկիր, որի վրա ոտք է կոխում իսլամի թագավորը, պետք է նրան պատկանի։