Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և զանազան վայրենի ցեղերից անդադար կեղեքվիլը, որպես Սան-Ստեֆանոյի դաշնադրության 16-րդ հոդվածի, նույնպես և Բերլինի ավագաժողովի վճռի 61-րդ հոդվածի գլխավոր հիմունքն է կազմում։ Բայց որքան էլ աշխատե Թուրքիայի կառավարությունը` պահպանել անզեն հայերին զինյալ մահմեդականների բարբարոսություններից, անկարելի է, որովհետև իր բոլոր զինվորական ուժը, որով պետք է զսպել նրանց, նույնիսկ բարբարոսներից է կազմված։ Ուրեմն հայերին պետք է թույլ տված, որ իրանք իրանց պաշտպանեն, և այդ այլ կերպ լինել կարող չէ, բայց միայն իրավունք տալ, որ հայերը զենք կրեն որպես իրանց դրացի ազգերը, և բացի դրանից, Թուրքիայի զինվորության մեջ իրանք էլ մասնակցեն։ Պետք է հայը ինքը հնար ունենա իր անձը պահպանելու, երբ կառավարությունը անկարող է։ Ով որ ծանոթ է Թուրքիայի կազմակերպությանը, մեզ հետ կհամաձայնվի, որ այդ երկրում անկարելի է ապրել և իր գոյությունը պահպանել առանց զենքի։ Թուրքիան բնակեցրած է այնպիսի ցեղերով, որոնք իրանց մեջ մշտապես կռվում են, որոնք միմյանց հետ մրցում են սրով միայն։ Ի՞նչով կարող է ընդդիմադրել նրանց անզեն հայը։

Գալով Թուրքիայի զինվորության մեջ մասնակցելուն, դա պետք է հայերի գլխավոր պարտավորություններից մեկը լինի ոչ միայն որպես Թուրքիայի հպատակ և քաղաքացի, — այլ մի այդպիսի ծառայությունը կազատեր նրանց պատերազմի ժամանակ արտաքին, իսկ խաղաղության ժամանակ ներքին թշնամիներից։ Հայերը առանց դրան էլ զինվորական տուրք են վճարում Թուրքիայի կառավարությանը և նույն տուրքով կարող են պահպանվել մի ազգային միլիցիա։ Ինչո՞ւ անպատճառ միլիցիա։ Ինչո՞ւ հայերը չպիտի մասնակցեն Թուրքիայի ընդհանուր զինվորագրության մեջ. կհարցնեն մեզանից։

Որքան մեզ հայտնի է, Թուրքիայի մասնավոր ազգերից և ոչ մեկը, որպես են` քրդերը, չերքեզները, արաբները և այլն, չեն մասնակցում Թուրքիայի զինվորագրությանը և չեն մտնում նրա կանոնավոր զորքերի թվում, այլ կազմում են առանձին միլիցիաներ, որոնք պատերազմից հետո դառնում են իրանց տները։ Ավելի ևս հայերին անկարելի է որպես զինվոր մտնել թուրքերի կանոնավոր զորքերի մեջ, որովհետև զանազան կրոնական խտրություններ թույլ չեն տալիս այդ երկու ազգերին միմյանց հետ խառնվել, միմյանց հետ սերտ հարաբերություն ունենալ. և մինչև անգամ թուրք զինվորը չի ցանկանա իր մեջ ընդունել ոչ-մահմեդականին։