Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եթե հայերից պահանջվեն կանոնավոր զինվորներ և ոչ միլիցիա, այն ժամանակ ևս հայոց զինվորները պետք է առանձին գունդեր կազմեն թուրքաց բանակի մեջ իրանց հայ զորապետներով և զորավարներով։ Այսպես է եղել միշտ։ Արշակունյաց պետությունը վերջանալուց հետո, Հայաստանի ամբողջ մարզպանության դարերում, պարսիկների, այլև արաբացոց և թաթարների տիրապետության ժամանակներում, և մինչև անգամ հույների ժամանակ, — միշտ հայոց զինվորները օտարազգիների բանակի մեջ առանձին գունդեր էին կազմում իրանց զորապետներով[1]: Նրանք իրանց հետ ման էին ածում մինչև անգամ քահանաներ և եկեղեցական խորան։

Հայերին զանազան վայրենի ցեղերից պաշտպանելու համար կառավարության կողմից գործ դրված ամեն հսկողություն անօգուտ է, պետք է նրան հնար տալ, որ ինքն իր գլուխը պահպանե, և դա կլինի այն ժամանակ, երբ նա զենք կրելու իրավունք կունենա։ Այդ այլ բան կլիներ, երբ կառավարությունը իր բոլոր հպատակներին զինաթափ կաներ և ամեն անհատ նրա հովանավորության ներքո պաշտպանություն և կյանքի ապահովություն կգտներ։ Բայց Թուրքիայի կառավարությունը ոչ կարող է և ոչ կցանկանա այդպես անել։ Երբ սրանից մի քանի տարի առաջ խոսք եղավ քրդերին զինաթափ անել, այն ժամանակվա Թուրքիայի երևելի պետական մարդիկներից մեկը` Ալի փաշան ասաց. — «պետք չէ, քրդերը միշտ պատրաստի զորք են մեզ համար»։ — Այո՛, պատրաստի զորք են, որ անզեն հպատակների հաշվով են ապրում. կառավարությունը պետք է օգուտ քաղե նրանցից, որպես և վերջին պատերազմի ժամանակ երևաց։

Մեր կողմից ավելորդ կլիներ խորհուրդ տալ, քանի որ գիտենք Կ. Պոլսի պատրիարքարանը լավ հասկացել է հայկական միլիցիայի կարևորությունը երկիրը ներքին թշնամիներից պահպանելու համար, և Բեռլինի ավագաժողովին մատուցած ծրագրի մեջ, այդ հարցը անցուցած էր նրա խնդիրների կարգում։ Միայն պետք է այժմ դարձյալ նույնը պահանջել, որ հայերը փոխանակ զինվորական հարկ վճարելու, նույն տուրքով պահեին իրանց երկրում միլիցիաներ, որոնք խաղաղության ժամանակ պահպանեին երկիրը ներքին

  1. 1 Նորին մեծության պարսից շահի ժամանակ, երբ հայերից զինվորներ առնվեցան, դարձյալ առանձին գունդեր կազմվեցան հայ զորապետների զորավարության ներքո։ Նույնիսկ պարսիկները թույլ չտվեցին, որ քրիստոնյա հայը խառնվեր իրանց հետ: