Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարձակումներից, իսկ պատերազմի ժամանակ օգնեին պետությանը։ Այլ կերպ ապահովություն քրդերի, չերքեզների և ուրիշ վայրենի ցեղերի բարբարոսություններից մենք չենք ճանաչում։

Գ. Թուրքիայի մեջ ոչ-մահմեդականների վերաբերությամբ իրավունքի պաշտպանության և դատաստանի մեջ անարդարություն կտիրե միշտ, քանի որ դատավարության մեջ տիրում է շարիաթի օրենքը։ Եթե մտածենք, թե ոչ մի օրենք չէ կարող մշտական լինել, այլ նա պետք է հետզհետե փոփոխվի և կատարելագործվի, և որքան նորանոր ձևեր են ստանում նրա պետքերն ու պահանջներն, — կարող ենք համարձակ ասել, որ շարիաթի այսքան դարերի ընթացքում հնացած և մաշված օրենքներն անբավարար և անհամապատասխան են ոչ միայն ոչ-մահմեդականների համար, այլ նույնիսկ մահմեդականների վերաբերությամբ, որոնց կյանքի նահապետական պարզ ձևերը շատ և շատ փոխվել են սկսյալ այն օրից, երբ այդ օրենքները հրատարակվեցան իսլամի մարգարեի բերանով և ամփոփվեցան ղորանի մեջ։ Անփոփոխ և մշտական օրենքները, որ տրվում են աստվածապետական ժողովուրդներին, ուրիշ ոչինչ չեն, եթե ոչ, մի ծանր կապանք, որ կաշկանդում է, քարացնում է ազգերը հավիտենական անշարժության մեջ։

Դժվար է պահանջել Թուրքիայից, որ նա փոխեր շարիաթը, որովհետև նա սերտ կապ ունի մահմեդականի կրոնի հետ, բայց կարելի է պահանջել, որ հայերի և առհասարակ ոչ-մահմեդականների վերաբերությամբ նա մնար անգործադրելի: Ուրիշ կերպ անկարելի է, քանի որ այդ օրենքն իր մեջ ունի շատ սկզբունքներ, որ հակառակ են հավասարության գաղափարին, որ խտրություն են դնում այն բոլոր ազգերի վերաբերությամբ, որոնք չեն պատկանում իսլամին: Եթե մինչև այսօր սուլթանների հրատարակած բոլոր խաթթիները և ֆերմանները մնացել են անգործադրելի, պատճառը շարիաթի զորեղ ընդդիմադրությունն է և ոչ այլ ինչ:

Ուրեմն ի՞նչ միջոց կա շարիաթից ազատվելու:

Ճշմարտությունը պահանջում է խոստովանել, որ Թուրքիայի կառավարությունը դեռ շատ առաջ մտածել է, որքան կարելի է, ազատ կացուցանել ոչ-մահմեդականներին և առավելապես հայերին շարիաթի կապանքներից: Այդ երևում է այն արտոնությունից, որ Թուրքիան շնորհեց հայերին սահմանադրական վարչություն, բացի դրանից, գավառներում կազմվեցան խառն մահմեդականներից և ոչ-մահմեդականներից առանձին մեջլիսներ (ժողովներ) նրանց գործերը քննելու համար, որ այլևս ոչ-մահմեդականները