Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/343

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միևնույն տան մեջ, և շատ սեղմված կերպով բնակվում են զանազան կացարաններում։ Մեր գավառներում անկարելի է տեսնել, որ երկու ընտանիք միևնույն տան մեջ բնակվեին. ընտանեկան պայմանները չեն ներում մի այսպիսի խառնակություն։ Դա ունեցավ իր օգուտն այն կողմից, որ ամեն մարդ, որքան էլ աղքատ լիներ նա, աշխատեց առանձին տուն ունենալ։ Այդ մասին պետք է շնորհակալ լինել պարսիկներից, թե չէ շուտով կկազմվեր մեր մեջ անտուն, անտեղ պրոլետարիատ։

Եթե արհեստավորների կնիկների մեջ կարելի էր գտնել մեկին, որ մեղանչեր ամուսնական հավատարմության դեմ, կարող եմ հաստատ ասել, որ հանցավորը տղամարդ ամուսինն է։ Նա կամ արբեցող է, կամ չափազանց ծույլ և անպիտան. օրվա վաստակը գիշերը վատնում է գինեվաճառի մոտ, թողնում է կնոջը տանը քաղցած, և ամենևին չէ մտածում կիսամերկ երեխաների վրա։ Նա շաբաթներով տան երես չէ տեսնում. ո՞րտեղ է անցկացնում, հայտնի չէ, և երբեմն հարբած տուն է դառնում, կարծես նրա համար միայն, որ կնոջը մի լավ ծեծե։ Երբեմն զավակները վկա են լինում սարսափելի տեսարանների իրանց ծնողների մեջ, և այստեղից դրվում է նրանց փչանալու սկիզբը։ Բայց չկա մի ավելի երջանիկ, մի ավելի խաղաղ շրջան, որպես աշխատասեր և արդար արհեստավորի ընտանիքը. - ժրաջան կինը տան և երեխաների հոգսն է քաշում, պահում է նրանց մաքուր և առողջ, մարդը գործում է արհեստանոցում, նրանք ապրում են գոհ և անվրդով կյանքով. խնայողությունը իրանց տնտեսության գլխավոր օրենքն է, մտածում են զավակների վրա և ետ են գցում փոքրիկ գումար սև օրվա ապրուստի համար։

Բայց լինում են ցավալի դեպքեր։ Կինը, բացի տնային տնտեսությունից, որ արհեստավորի ընտանիքում այնքան ծանր չէ, ուրիշ ոչինչով չէ օգնում տղամարդին, այսինքն, նա չէ սովորել որևիցե բան, որ կարողանար ինքն ևս ազատ կերպով փող վաստակել։ Ընդունված սովորությունները և հասարակական կյանքի պայմանները թույլ չեն տվել նրան ընտանեկան օջախից դուրս մի ուրիշ գործով զբաղվելու։ Ընտանիքի գլխավոր աշխատողը, նրա ապրուստը հայթայթողը մնում է տղամարդը։ Քանի որ նա կենդանի է, կինը բախտավոր է, նա աշխատում է, և ընտանիքը պահում է։ Իսկ երբ տղամարդը մեռավ, առանց թողնելու որևիցե կարողություն, այն ժամանակ կինը իր ապրուստը շարունակելու համար ունի մի ճանապարհ միայն, կամաց-կամաց դիմել դեպի մահ։ Ըստ մեծի