Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անշահավետ պայմանները կալվածատիրոջ մշակների հետ ստիպում են նորանց թողնել հողը, թողնել երկրագործությունը և գաղթել դեպի քաղաքները։

Եվ այդպիսյավ հայերը հետզհետե յուրյանց բնակությունը կենտրոնացնում են մեծ մասամբ Տաճկաստանի, Հնդկաստանի և Պարսկաստանի գլխավոր քաղաքներում։

Այդ քաղաքներում ընտրում են նոքա ավելի ազատ պարապմունքը-վաճառականությունը։ Հայերի ճարտարությունը այդ արհեստի մեջ շուտով երևան է լինում։ Վաճառականությունը հաջողվում է նրանց, և նոքա գործում են մեծամեծ առաջադիմություններ։

Դորա պատճառն այն էր, որ հայերը յուրյանց կրթությունով և սումունքով ավելի բարձր աստիճանում գտնվում էին, քան այդ երկրների մյուս ազգաբնակությունները, որպիսի էին—պարսիկները, թուրքերը, տաճիկները, հնդիկները և այլն։

Ուրեմն ասպարեզը բաց էր հայերի առջև։ Եվ նոքա սկսում են առաջին դերը խաղալ ասիական վաճառականության մեջ։

Իսկ այդ բախտը երկար չէ տևում։

Ասիական վաճառականության արդյունաբերությունքը հրապուրո՜ւմ են եվրոպացիների շահասիրությունը։ Եվ վերոհիշյալ երկրներում հայտնվում են անգղիացի, գաղղիացի, հույն և զվիցերիացի վաճառականների մեծամեծ տներ։

Ասել է, թե հայերի առևտրական ասպարեզում երևում են ավելի զորեղ ախոյաններ։ Սկսվում է մրցությունը։ Բայց հայերը չեն կարողանում դիմագրավել եվրոպացիներին և ընկճվում են: Եվրոպացիք խլում են նոցա ձեռքեն ասիական վաճառականության ասպարեզը։

Եվ բնականապես այդպես է լինում։ Հաղթությունը միշտ մնում է զորեղի կողմը:

Մինչդեռ հայը առնում էր յուր ապրանքները երկրորդական և երրորդական ձեռքերից, հետզհետե թանկ նստեցնելով յուր վերա վաճառքի գները, եվրոպացին բերել էր տալիս նույնը ուղղակի նորա աղբյուրից, այսինքն նորա կենտրոնից, ավելի էժան գնով: Ուրեմն համեմատությունը վաճառքի մեջ, գների վերաբերությամբ, լինում էին զանազան։ - Եվրոպացին կարողանում էր վաճառել յուր ապրանքը վաստակ շահելով, իսկ հայը վաճառում էր նույնը, կամ առանց վաստակի և կամ վնասով։

Հայերը չգիտեին եվրոպական լեզուներ, և ծանոթ չէին Եվրոպայում