Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/357

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայրը զվարճանում է դրսում, իսկ մայրը տանը «վեչերներ» է սարքում և լոտոն ու թղթախաղերը նրա սալոնից անպակաս են լինում։ Աղջիկը սկսում է կամաց-կամաց մասնակցել մոր զվարճություններին, և եթե կին հյուրերի հետ հրավիրված էին տղամարդիկ (որ առանց նրանց չէ լինում), աղջիկը սկսում է ցույց տալ իր բոլոր շնորհքը` «կոկետություն» անել նրանց հետ, և զվարճախոսությունն ընդունում է վերին աստիճանի ցինիկյան կերպարանք։

Շռայլություն և բարքերի համարձակություն — ահա՛ երկու ախտեր, որ փտեցնում են մեր բարձր և հարուստ դասի ընտանիքի բարոյական հիմքը։ Ես ուրիշ կերպով չեմ կարող բացատրել այդ երևույթների պատճառները. բայց միայն նրանով, որ Թիֆլիսի մեր բոլոր հարուստները, ինչպես ասում են, «նորաքսակ» մարդիկ են, այսինքն ժառանգությամբ չեն ստացել իրանց հարստությունը, այլ վաստակել են բախտի կամ հանգամանքների հաջողությամբ, և շատ անգամ անազնիվ միջոցներով։ Աղքատությունից հանկարծ հարստության տեր են դարձել։ Այսպիսի մարդիկ չէին կարող տնօրինել մի կանոնավոր տնտեսություն և մի վայելուչ ընտանեկան կյանք։ Շռայլությունը միշտ կից է լինում հանկարծահաս հարստության հետ և այս պատճառով նա երկրորդ սերունդին չէ հասնում։ Վայելուչ կյանքը — լի ամեն բավականություններով, բայց միևնույն ժամանակ չափավոր սահմանի մեջ — կազմվում է այն ժամանակ, երբ հարստությունն անցնում է մի քանի սերունդ։ Ես մի շատ հասարակ օրինակով կպարզեմ իմ միտքը, գցեցեք մի քաղցած հավ մի ցորենով լիքը ամբարի մեջ, ի՞նչ կտեսնեք. նա կսկսե ոչ այնքան ուտել, որքան քթութ անել և ոտներով ցորյանը ցրիվ տալ այս կողմ և այն կողմ։ Նոր հարստացած աղքատն այդ հավի նման է լինում։ Միևնույն օրինակով կարելի է բացատրել և կնոջ բարքի համարձակությունը։ Կինը, արևելյան փակ կյանքի մեջ ճնշված կինը, որին հանկարծ տալիս են ազատություն (դա էլ մի տեսակ հարստություն է) չէ կարող օրինավոր կերպով գործադրել իր ազատությունը, չէ կարող վայելել նրան որպես հարկն է։

Բավական հեռացա նպատակից։ Կրկին վերադառնալով դեպի գյուղական ընտանիքը, իմ նկարագիրը վերջացած կլինի։ Կարդալով այս հետազոտությունն ինքնըստինքյան ծագում է հարց, արդյոք ի՞նչից առաջ եկավ կնոջ մի այսպիսի վիրավորական վիճակը, որ նա ձայն չունի ոչ ընտանիքի և ոչ հասարակության մեջ, որ նա պահվում է անմատչելի ծածկոցի տակ, որպես մի նյութ, որին