Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և գրկում են միմյանց։ «Տան ծերը տան խեյր-բարաքյաթն (օրհնությունն) է», — ասում է ռամիկը և շատ ցավում է, երբ նա պակասում է տնից։ Ամենաաղքատ գյուղացին աշխատում է պառավ մոր թաղումը հանդիսավոր կացուցանել, ոչինչ չպակսեցնելով ընդունված սովորություններից։ Նա արժանավոր կերպով վարձատրում է քահանային, «հոգեհաց» է տալիս գյուղական հասարակությանը և «հոգեբաժին» է տալիս հոգևոր կառավարության գործակալին։ Պառավի մահն ավելի թանկ է նստում, քան թե նրա մի քանի տասն տարիների կյանքը։ Չեք գտնի մի գյուղացի, որ իր մոր գերեզմանը թողներ առանց տապանաքարի, որ ամեն տարի նրա շիրիմը օրհնել չտար, կամ քահանային փող չվճարեր «հոգվոց» կարդալու համար։ Հայը առհասարակ հարգում է գերեզմանը — երկնքի այդ նախագավիթը, բայց մի բան, որ արժանավոր կերպով չէ գնահատում, դա է — կյանքը։

Գ

ՔԱՂԱՔԱՑՈԻՀԻՆ

Քաղաքում շատ բան փոխվում է։ Իմ խոսքը գավառական քաղաքների մասին է։

Մեր գավառական քաղաքներում չկա արիստոկրատիա, չկա պրոլետարիատ և չունենք մշակ դաս, ինչ որ հասկացվում է Եվրոպայում այդ անունով։ Մենք ունենք միայն վաճառականներ և արհեստավորներ, ունենք և ծառայողներ ու եկեղեցականներ, եթե վերջինները կարելի էր դասակարգ համարել։ Ես սկսում եմ արհեստավորի կնոջից։

Փոքրիկ մանրավաճառները և արհեստավորները շատ նման են մեկմեկու, կնոջ դրությունը երկուսի ընտանիքում ևս միևնույն է։ Մեր քաղաքներում հարյուրավոր արհեստավորների ընտանիքներ չեն ածած միմյանց վրա և միևնույն տան մեջ, այլ բոլորն առանձին տներ ունեն։ Կյանքի պայմանները թույլ չեն տալիս, որ մի քանի ընտանիքներ մեկ բնակարանում ապրեին։ Քաղաքացին իր տունը վարձով է տալիս այն ժամանակ, երբ իր համար ավելորդ էր, այսինքն, երբ մի քանի տներ ուներ։ Կանանոցն ըստ մեծի մասին տների առանձին բաժնումն է գտնվում։ Ընտանիքի անդամների թիվը համեմատաբար փոքր է լինում, քան թե գյուղերում։ Այստեղ եղբայրները հենց որ պսակվեցան, խիստ սակավ է պատահում, որ միասին ապրեին։