Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ կարծիքով, կպահեր նրան շռայլությունից, բայց որդին երբեմն խարջելու փող է գտնում...Ո՞րտեղից. աստված գիտե…

Գավառական քաղաքներում նշմարվում է նույնը, ինչ որ տեսանք գյուղերում, այսինքն, թե մանուկների և թե ծնողների մեջ մի սաստիկ բաղձանք դեպի բարձրը և դեպի ավելի կատարյալը։ Ավարտելով տեղային տարրական դպրոցում, աշակերտն աշխատում է դիմել Թիֆլիս, ինչ հնարքով և լիներ, մտնել այնտեղի գիմնազիաներից մեկի մեջ, և հետո Մոսկվայում կամ Պետերբուրգում համալսարանական բարձր ուսում ստանալ։ Բայց ոչ բոլոր ծնողներն ունեն այնքան նյութական միջոցներ, որ կարողանային հոգալ որդու ծախսերը. այն ժամանակ ապրուստի հոգսն ընկնում է որդու վրա։ Ես ծանոթ եմ եղել Թիֆլիսում մի քանի գավառացի աղքատ գիմնազիստների հետ, որոնց աշխատությունները և անձնազրկությունը կատարյալ հերոսության են հասնում։ Բնակվում են մի քանի հոգի միասին մի խոնավ և նեղ սենյակում, առանց սպասավորի, կերակրվում են օրը մի անգամ ամենաէժանագին հյուրանոցում, շատ անգամ ամբողջ օրեր անց են կացնում մի կտոր երշիկ ուտելով. բայց դարձյալ միշտ կտեսնեք նրանց ուրախ և գոհունակ դեմքով։ Գիմնազիայից տուն դառնալով, նրանք շտապով ճաշում են, հետո տարածվում են քաղաքի մեջ, ընտանիքներում կամ մասնավոր դպրոցներում դասեր տալու։ Շատ անգամ նրանց աշակերտները մեկը մյուսից կես վերստ կամ ավելի հեռավորության վրա են գտնվում, բայց այդ հոգ չէ, միայն թե դասեր լինեին։ Ամբողջ ճաշից հետո պտտելով քաղաքի մեկ ծայրից մինչև մյուսը, վերադառնում են տուն ուշ-գիշերային պահուն, բոլորովին ուժաթափ։ Մի կամ երկու գավաթ թեյը սև հացով կազդուրում է նրանց, այնուհետև սկսում են պատրաստել իրանց սեփական դասերը։ Ամառային արձակուրդները մեծ հունձք են ընծայում գավառացի աղքատ գիմնազիստներին։ Նրանք պատրաստում են զանազան դպրոցների այս և այն դասատունը մտնելու համար աշակերտներ և փող են ստանում։ Այսպես մի կողմից իրանց ապրուստը հայթայթելով, մի կողմից իրանք սովորելով, մյուս կողմից ուրիշներին սոսովորեցնելով, աղքատ գիմնազիստները շարունակում են իրանց ուսումը։ Միևնույն ժամանակ նրանք չեն զրկում իրանց մի քանի բավականություններից, որպես են` երբեմն թատրոն գնալ, տեսնել մի լավ պիեսա, լսել մի նշանավոր երաժշտի, հասարակաց գրադարանից գիրք վեր առնել, կամ ընկերությամբ վճարելով, ստանալ մի լրագիր, ամսագիր և այլն։ Լինում են և այնպիսի երախտավորներ,