Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանք ամբողջ օրը զբաղված են իրանց գործերով, երեկոյան խանութները կկողպեն, կգնան-կմտնեն իրանց տունը, դռները կփակեն։ Ժողովրդի այդ դասերն առողջության վրա չեն մտածում։ Պարտեզներում կարելի է տեսնել երբեմն մի քանի ծառայողներ, և մանր աստիճանավորներ միայն, և երբեմն դպրոցների վարդապետներին, երբ մանավանդ ածվում էր զինվորական մուզիկա։

Կաֆեներ և հյուրանոցներ կամ բոլորովին չկան գավառական քաղաքներում, կամ եթե պատահում են այսպիսիները, նրանք ծառայում են անցուդարձ անող օտարականների համար միայն, երբ ցանկանում էին բավական թանկ գնով մի փոքր ի շատե մաքուր տեղ գտնել օթևանելու։ Ասիական հին քարվանսարաները դեռ չեն կորցրել իրանց նշանակությունը. նրանք ծառայում են և՛ որպես մթերանոց ապրանքների, և՛ որպես հյուրանոց նույն ապրանքները կրող անասունների և վաճառականների։ Վերջին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ այն քաղաքներում, որ ավելի մոտ էին կռվի դաշտին, որպես են` Երևանը, Ալեքսանդրապոլը, հայտնվեցան բազմաթիվ հյուրանոցներ, որոնք անմիջապես փակվեցան պատերազմը վերջանալուց հետո։ Կաֆեն և հյուրանոցը դեռ ժողովրդի պահանջ չեն դարձել գավառներում. բնիկներից ոչ ոք այնտեղ չէ մտնում, չէ ճաշում. ամեն մարդ ունի իր խոհանոցը. իսկ մի քանի ծառայող ռուսներով հյուրանոց պահպանել անկարելի է։ Պետք է ասած, որ նրանք էլ ենթարկվում են տեղային սովորություններին։ Եվ այսպես, հիշյալ հիմնարկությունները կամ գոյություն չունեն, կամ եթե գտնվում են, երիտասարդությունը նրանց մեջ չէ խմբվում։ Միայն Ալեքսանդրապոլում կարելի է տեսնել մի տեսակ կաֆեներ տաճկական ձևով, ուր կարելի է նարգիլե ծխել և փոքրիկ ֆինջաններով դառն սուրճ խմել։ Այնտեղ հայտնվում է երբեմն մի թափառական երգիչ, ածում է թամբուրայի վրա և երգում է։ Դա տաճկական սրճանոց է, որ բերել էին իրանց հետ այդ քաղաքի գաղթական բնակիչները Թուրքիայի Հայաստանից։ Ուրիշ հիմնարկություններ ես չեմ ճանաչում, ուր կարելի լիներ հավաքվել, խոսակցել և ժամանակ անցկացնել, բացի գինետներից։ Այդ անբարոյականացնող հիմնարկությունները մեծ դեր են խաղում գավառացիների կյանքի մեջ։

Վերջին տարիներում միայն մի քանի քաղաքներում հիմնվեցան կլուբներ, որոնք միացնում են իրանց մեջ և հյուրանոց, ուր կարելի է կերակուր գտնել, եթե մի ժամ առաջ կպատվիրեիր պատրաստել։