Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարչությունից։ Երևակայեցեք ձեզ մի ուսանող իր կորպորացիայի պաշտոնական վենգերկայով. սև թավիշից, գունավոր գլխարկով, ժապավենով անցկացրած ուսի տակով, և հպարտ կուրծքը ծածկված օրդեններով, այստեղ կան խաչեր, աստղեր, այստեղ կան զանազան տեսակ նշաններ և զարդեր, բոլորը էժանագին մետալներից, բայց ամենի մեջտեղում, գունավոր լայն ժապավենի վրա, փայլում է գարեջրի բաժակի մեծ պատկերը, որպես բարձր նշան, որ նվիրած է նրան, գարեջրական թագավորությունից (Biersctaat)։ Ամեն մի կորպորացիա ունի իր առանձին ժողովները և խնջույքները, որոնց մեջ սովորական ծեսերով կատարվում է գարեջուր խմելու ուրախությունը։ Խմելու պայմանները չափազանց բաղադրյալ են, որ պետք էր առաջուց սովորած լինել, ինչպես օրինակ, սալամանդրա կոչված ձևը։ Ուսանողական երգերը և ճառերն մի առանձին կենդանություն են տալիս այս տեսակ խնջույքներին։ Գարեջուրը, որ ուսանողների զվարճության ոգին է, շատ անգամ գործ է դրվում որպես սրբություն։ Օրինակ, խիստ ծիծաղելի է այն ծեսը, որպես է գարեջրով մկրտելը մի ուսանողի, որ նոր մտնում է որևիցե կորպորացիայի մեջ։ Բացի սովորական ժողովներից և խնջույքներից, կատարվում են և հանդիսավոր օվացիաներ և դեմոնստրացիաներ։ Տեսնում ես, գունավորների զանազան խմբեր, զարդարված իրանց համազգեստով և օրդեններով, ձեռներին բռնած դրոշակներ և ջահեր, գիշերային պահուն, երգելով անցնում են փողոցների միջով, կանգնում են մի սիրված պրոֆեսորի տան առջև և արտահայտում են նրան իրանց հարգանքը։ Երբեմն այսպիսի դեմոնստրացիաներ կատարվում են, որպես արտահայտություն զանազան հասարակական ցույցերի, երբ կատարվում էր մի անարդարություն օրենքի կողմից։ Ուսանողներն այդ ժամանակ սաստիկ վրդովվում են, հուզվում են և խմբերով հրապարակ են դուրս գալիս, իրանց բողոքը հայտնելով զանազան ցույցերով։ Ժողովուրդը միշտ իր ձայնը խառնում է ուսանողների ոգևորված երգերին և նրանց ազնիվ բարկության ձայնին։

Գունավոր ուսանողները, որ առհասարակ նշանավոր են իրանց քաջությամբ, համարձակությամբ և անձնասիրությամբ, միշտ պատրաստ են վրեժխնդիր լինել մի ամենաչնչին վիրավորանքի համար պատվի դեմ։

Այս պատճառով մենամարտությունը նրանց մեջ այնքան սովորական է, որպես մի գավաթ գարեջուր խմելը։ Եվ շատ անգամ կարելի է տեսնել երեսը բոլորովին սպիներով այլանդակված ուսանողներ,