Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տաժանական աշխատություն են կրում նրանք, գործի մեծ մասն իրանց ձեռքով կատարելով: Խմբագիրը պետք է ինքն ուղղե գավառներից եկած թղթակցությունները և հոդվածները, պետք է շատ անգամ մինչև գիշերվա ժամի 3-ը տպարանում աշխատե, սրբագրե և տուն վերադառնալուց հետո պետք է դարձյալ չքնե, այլ նստած, պետք է մյուս համարի համար հոդվածներ պատրաստե: Առավոտյան 9 ժամին դարձյալ կարելի է տեսնել նրան գրասեղանի մոտ, հասցեներ է գրում, որ նոր դուրս եկած համարը փոստից հետ չմնա: Այդ բոլոր մտավոր և մեքենական աշխատությունները, որ սարսափելի կերպով մաշում են մարդու կյանքը, կատարում են մեր խմբագրները, առանց որևիցե նյութական շահ ունենալու, միայն բարոյապես վարձատրվելու հուսով, որից դարձյալ զրկում է նրանց հասարակությունը: Այլևս չեմ խոսում աշխատակիցների մասին, որոնց զոհաբերությունները նույնպես ոչ սակավ համակրության արժանի են:

Հիմա դառնանք դեպի արտիստական երիտասարդությունը, դեպի թատրոնը:

Ինձ պատահել է կարդալ Թիֆլիսի հայոց բեմի վերաբերությամբ մի թատրոնական ժամանակագրություն միայն, որքան հիշում եմ, նա գործողությունների պատմական մի հավաքածու էր, բայց ոչ երիտասարդ արտիստների կյանքի նկարագիր: Այսուամենայնիվ, այդ աշխատությունն ինձ վրա խիստ տխուր տպավորություն թողեց: Անհնարին է երևակայել, թե որքան դժվարությունների դեմ մաքառելով, մեր դերասանները կարողացել են պահպանել հայոց բեմը: Նրանք ստիպված էին պատերազմել ժողովրդի նախապաշարմունքի դեմ, որ դերասանի վրա նայում է որպես մի «օինբազի» վրա, և ոչ որպես կրթության սպասավորի վրա: Նրանք ստիպված էին պատերազմել քաղցածության դեմ, որովհետև այդ արհեստը հաց չէր տալիս: Եվ վերջապես ստիպված էին պատերազմել ուրիշ զանազան ճնշումների դեմ, որոնք մեծ խոչընդոտներ էին դնում գործի առաջադիմությանը: Այդ բոլոր զոհաբերությունների մեջ քաջալերում էր, ոգևորում էր նրանց բեմի գաղափարը: Ինչպես լրագրությունը կամ օրագրությունը սկսվեցավ և հաջողվեցավ միայն սիրողների ձեռքով, այնպես էլ հայոց բեմը պահպանվեցավ սիրողների ջանքերով: Դերասանական խումբ իսկապես մենք չենք ունեցել: Բայց ասելով սիրողներ, պետք չէ հասկանալ պատահական ներկայացնողներ, որոնք մի կամ երկու անգամ զվարճության համար բեմ էին դուրս եկել: Մեր սիրողները մի կազմակերպված