Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դպրոցի օգտին։ Եթե մեր երիտասարդությունն ունի գովելի հատկություններ, ամենագլխավորներից մեկը այդ է։ Տեսնում ես, մի երիտասարդ որևէ ծառայության մեջ, հազիվ քաշ է տալիս իր ապրուստը, կեսօրվա ժամը երկուսին դառնում է տուն, շուտով ճաշում է, և իսկույն վազ է տալիս այս և այն օրիորդաց դպրոցը ձրի դասատվություն անելու։ Նա այնքան ճիշտ է, որ մի րոպե հետ չէ մնում իր դասից։ Եվ այս տեսակ դպրոցները, որ հիմնվեցան և պահպանվում են երիտասարդների զոհաբերություններով, ամենածաղկյալ դպրոցներն են Թիֆլիսում։ Մինչդեռ մյուսների մեջ, ուր վարժապետներին վճարում են, անճշտություններ, անկարգություններ շատ անգամ անպակաս են լինում։ Առհասարակ խոսելով, վերջին տասը տարվա ընթացքում մեր երիտասարդությունն ուսման և կրթության վերաբերությամբ հրաշք գործեց։ Դպրոցների կազմակերպության մեջ մտան նշանավոր փոփոխություններ։ Մանկավարժական նոր ձևեր, նոր եղանակներ, նոր դասագրքեր մուտք գործեցին նրանց մեջ։ Իհարկե, այդ բոլորը, որպես առաջին և երկրորդ քայլ, չէր կարող կատարյալ լինել, բայց խոստանում է մեծ ապագա։

Բոլոր այդ գործող երիտասարդությունը, թե լրագրության մեջ, թե գրականության մեջ, թե թատրոնի մեջ և թե դպրոցների մեջ, համարյա միևնույն անձինք են, որ կոչվում են ընդհանուր անունով ազգասերներ, թեև իրանց մեջ մի առանձին սեր չունեն։ Դրանք բաժանված են զանազան խմբերի և կուսակցությունների, որոնց յուրաքանչյուրն ունի իր պարագլուխը։ Այդ մեծ ցավ չէ, որովհետև այս տեսակ բաժանմունքները կարող են ծնեցնել եռանդ և բարի նախանձ։ Բայց ցավալին այն է, որ գործիչների թիվը շատ փոքր է, թեև պետք է մտածել, որ մի բուռն, անձնանվեր երիտասարդներ կարող են կենդանացնել մի ամբողջ աշխարհ։

Ես պահեցի վերջի համար երիտասարդության մի քանի դասեր, որոնք կազմում են հիմնական կապիտալը մեր ժողովրդի ապագա բարօրության։ Իմ խոսքը գործակատարների (պրիկազչիկների), արհեստավորների և մշակների մասին է։

Մի փոքրիկ հայացք ձգենք, թե ինչ վիճակի մեջ էր վաճառականությունը Թիֆլիսում 15-20 տարի առաջ։ Վաճառականը որոնում էր մթին խորշեր իր ապրանքները ծախելու համար. խանութի նեղ լուսամուտները ծածկում էր նա թափանցիկ կտավով կամ փոքրիկ ապակիները ներկում էր կարմիր գույնով։ Խավարի մեջ նրա կարծիքով ավելի լավ էր երևում ապրանքը և ավելի հեշտ կարելի