Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործակատարները ծածուկ սիրուհիներ են պահում, որոնց համար վարձում են առանձին սենյակներ, և նրանց ապրուստի համար նշանակում են ամսական ռոճիկ, երբեմն ավելի, քան թե իրանք էին ստանում։ Որպես գործակատարները կողոպտում են իրանց «խազեիններին», այնպես էլ կողոպտում են նրանց ռուս կամ վրացի սիրուհիները։

Առհասարակ գործակատարների մտավոր զարգացման մակերևույթը խիստ ցած աստիճանի վրա է կանգնած։ Ես մի քանիսներին միայն ճանաչում եմ, որ հետաքրքրվում էին գրականությամբ, լրագիր էին կարդում, և երբեմն գրում էին լրագրական հոդվածներ։ Այսպիսիները նրանք են լինում, որ գոնե որևիցե դպրոցում եղել էին։ Մնացածները, որպես սխալներով գրում են և խոսում են իրանց մայրենի լեզվով, այնպես էլ սխալներով գրում են ու խոսում են բոլոր լեզուներով, որ ծանոթ էին նրանց։ Այնուամենայնիվ, այդ անուսներին պետք է փիլիսոփա համարել, իրանց «խազեինների» հետ համեմատելով, որոնք իրանց անունը հազիվ թե կարող են ստորագրել։ Թիֆլիսի վաճառականների մեջ առաջ գործ էր ածվում վրաց լեզուն և գրագիտությունը, իսկ այժմ սովորական է դառնում ռուսաց լեզուն։ Խիստ սակավ խանութներ կարելի է գտնել, որոնց մեջ հաշվապահությունը և գրագրությունները լինեին հայոց լեզվով։ Դա Թիֆլիսի վաճառականների աններելի թերություններից մեկն է։ Այժմյան գործակատարները, որ ապագայի վաճառականները պետք է լինեն, ամենևին հակումն չեն ցույց տալիս մայրենի լեզվի և գրության մտցնելուն առևտրական գործերի մեջ։ Նրանք խոսում են մուշտարիների հետ այն լեզվով, ինչ ազգության որ պատկանում են — ռուսի հետ` ռուսերեն, վրացու հետ` վրացերեն, և մինչև անգամ վայրենի օսի, լեզգու, չերքեզի և կոպիտ թարաքամայի հետ նրանց լեզուներով, բայց ոչ երբեք հայերեն։ Գործակատարները երբեք չեն փոխում իրենց վարպետին, որի մոտ սկզբից աշակերտել էին, և այս պատճառով նրանց առևտրական գիտությունը մնում է միակողմանի։ Ինչ տեսակ ապրանքներ էր ծախում վարպետը, նույն տեսակ ապրանքների խանութ է բաց անում իր համար և գործակատարը, եթե մի օր կհաջողվեր նրան առանձին առևտուր սկսել։ Ոմանք նրանցից պսակվում են «խազեինի» աղջկա կամ մոտ ազգականի հետ, ոմանք վերջն ընկերանում են նրա հետ։ Առհասարակ մեր վաճառականներն օգնում են իրանց հավատարիմ գործակատարներին, և ցանկանում են, որ նրանք փողի տեր լինեին։ Բայց գործակատարն այս համակրությանն