Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(Անգլիայի և Ֆրանսիայի) դիպլոմատիայի առջև միջամտություն գործելու իրանց հավատակիցների առիթով Թուրքիայի ներքին գործերում։ Հիշյալ սխալանքի հետևանքը բացահայտ երևում է Բեռլինի դաշնագրի վրա։ Պարսկաստանն այդ մասին ավելի խելացի քաղաքականության է հետևում. նա ամեն կերպով աշխատում է, որ բողոքականությունը և կաթոլիկությունը չտարածվի իր երկրում գտնված քրիստոնյաների մեջ, հայոց դպրոցներին պետական գանձից օժանդակություն տալով և հայ եկեղեցականների իրավունքները ու նրանց նշանակությունը բարձրացնելով, որ կարողանան օտարերկրյա քարոզիչների հետ մրցություն անել։ Այդ մասին ինձ հայտնի են շատ փաստեր, որոնց հիշելը ավելորդ եմ համարում։ Եթե Թուրքիան խելքը գլուխը հավաքեր, նույնը պետք է անե այսուհետև, որովհետև դրանից ավելի կշահվի։

Բայց մեզ շատ անգամ պատահել է լսել այսպիսի կարծիք. ի՛նչ ենք կորցնում, եթե անգլիացին և ֆրանսիացին մեր` կրոնը փոխելու համար կսկսեին համակրել և պաշտպանել մեզ, ինչո՞ւ օգուտ չքաղենք այդ հանգամանքից։ Վասակները և Մեհրուժանները բոլորը այդ կարծիքի էին, բայց մեր ազգը սաստիկ պատժվեցավ այդ քաղաքականությանը հետևելով. Կիլիկիայի մեր թագավորությունը զոհ եղավ այդ քաղաքականությանը, երբ հայերն իրանց սեփական ուժերն արհամարհելով, մտածեցին միանալ հունաց եկեղեցու հետ, որպես Բյուզանդիայի կայսրությունից կամ պապից պաշտպանություն գտնեն։ Մեր պատմությունը լի է դրա նման շատ օրինակներով, որ միշտ կործանիչ հետևանք են ունեցել։

Կրկնում ենք, շատ ցավալի է տեսնել Թուրքիայում կրոնի պատճառով հայերի մի մասն անջատված ազգային ամբողջությունից։ Բայց քանի որ դա արդեն պատմական կատարված իրողություն է, ուրեմն պետք է միավորելու հնարներ որոնել և ոչ թե բաժանող վիհն ավելի և ավելի լայնացնել։ Վեճը կարծիքների տարբերության մեջն է, թե ո՛րպես պետք էր միավորել։ Կրկին թթված ազգասիրությամբ քարոզել այն մաշված թեման, թե մենք մի կրոնական ժողովուրդ ենք, թե մեր ազգությունը ճանաչվում է մեր եկեղեցիով, թե ով որ լուսավորչական չէ, հայ ևս համարվել չէ կարող և այլն, այդ տեսակ քարոզներ գուցե մի ժամանակ հարկավոր լինեին, իսկ այժմ շատ և շատ հնացել են։ Այս տեսակ քարոզներով ոչինչ օգտվել չէ կարելի, ընդհակառակն վնասակար են այն կողմից, որ դրանցով ավելի առիթ կտանք բողոքական և կաթոլիկ հայերին բոլորովին անջատելու ազգային միությունից։ Թուրքիայի